Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիտալի Սավելևը այցելել է Իրան, որտեղ բանակցություններ է վարել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի կառավարությանը։
«Վարչապետի տեղակալ և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցերով՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիտալի Սավելևը այցելել է Իրան»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ռուսական ներկայացուցչական պատվիրակությունը իրանցի գործընկերների հետ քննարկել է տրանսպորտի ոլորտում համագործակցությունը և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը՝ որպես Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի հիմնական ուղղություններից մեկը։
Հաղորդվում է, որ բանակցող կողմերը մանրամասն քննարկել են նաև 2023 թվականին Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու ֆինանսավորման և շինարարության վերաբերյալ համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի իրականացման ընթացքը։









