Այսօր ԲԴԽ-ն հրապարակեց արդեն ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի
վերաբերյալ վճիռը, որով որոշեց Վարդազարյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության
և դադարեցնել վերջինիս լիազորությունները։ Թեմայի վերաբերյալ Vesti.am հարցեր է ուղել Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանին։
-
Պարո՛ն Օրբելյան,
որոշումը սպասելի՞ էր։
-
Երբ ասում են, որ գործը պետք է վերսկսվի՝ ես հենց նման ակնկալիք
ունեմ։ Սպասելի է ցանկացած արդյունք, բայց իմ ակնկալիքն այն էր, որ բարձրագույն դատական
խորհուրդը թույլ չտար արդար դատաքննության իրավունքի խախտում և համապատասխանաբար պետք
է ապահովվեր նաև լսված լինելու իրավունքը։ Ամեն դեպքում հիմա կայացվեց այդ որոշումը։
-
Իրավական ի՞նչ
քայլեր է հնարավոր անել, ի՞նչ գործողություններ եք նախատեսում ։
-
Դիտել եմ հրապարակման մի հատվածը։ Ակնհայտորեն որոշ խախտումներ
կան, որոնք բերելու են որոշակի բողոքարկումների, բայց որտե՞ղ, ո՞ր մարմին, ի՞նչ ծավալով
և ի՞նչ հարցադրումներով կարող եմ ասել միայն որոշումը ստանալուց և քննարկելուց հետո։
-
Հասցրե՞լ եք,
խոսել պարոն Վարդազարյանի հետ, ինքը, կարծես, հակված էր հենց այդ որոշմանը։
-
Կարճ խոսակցություն ենք ունեցել, պայմանավորվել ենք հանդիպել
և քննարկել որոշումը ստալուց հետո։ Ավելի դետալացված քննարկում չենք ունեցել։ Իրավական օգնություն ցույց տալիս
աշխատում ենք կենտրոնանալ ոչ թե սպասելիքների, այլ՝ հնարավորությունների վրա։ Հաշվի
առնելով, որ կարող է լինել նման բացասական զարգացում, քննարկել ենք բողոքարկման հնարավորությունները
և անհրաժեշտությունը։
-
Հաշվի առնելով
ձեր կողմից հրապարկված ձայնագրության բովանդակությունը՝ ԲԴԽ-ի որոշումը քաղաքակա՞ն
էր։
-
Երբ դիտարկում ենք անձի քաղբանտարկյալ լինելը քննարկում ենք
մի քանի հանգամանքներ՝ արդյո՞ք առկա են դատավարական
և իրավունքների կոպիտ խախտումներ։ Իմ կարծիքով այստեղ, նման խնդիր առկա է՝ առնվազն
լսված չլինելու մասով։ Երկրորդը՝ արդյո՞ք այստեղ կա որոշակի այլ օրակարգ՝ կարծում եմ,
այո՛, քանի որ ձայնագրությունից երևում է, որ պարոն Վարդազարյանին այս կամ այն եղանակով
հեռացնելը կամավոր, կարգապահական կամ որևէ այլ քրեական գործ հարուցելու, կամ այլ գործիքակազմների
միջոցով, ունեցել է որոշակի նպատակ, որը կապված չի եղել դատական համակարգի առողջացման կամ բարելավման հետ։
Նվածը հաշվի առնելով, կարծում եմ, որ օրենքով սահմանված սահմանափակումները՝ տվյալ դեպքում
անձնական և մասնագիտական կյանքի միջամտությունը, չի հետապնդել այն նպատակն ինչ օրենսդրությունը
և Սահմանադրությունը ենթադրում են։ Պարզ է, որ ունի քաղաքական կամ պետության կողմից
սահմանափակումների չարաշահման համատեքստ կամ նշանակություն։









