Foto

Կառավարությունը գնաճի հաշվին ապահովել է լրացուցիչ հարկային մուտքեր, բայց չի կարողանում ծրագրեր իրականացնել

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Պարենային ապահովություն և խոցելիություն» 2021-ի հետազոտության տվյալներով, Հայաստանում ընտանիքների 56%-ին սնունդը հազիվ է բավարարում, իսկ ընտանիքների 21%-ն ապահովված չէ սննդով: Միայն վերջին 3 ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80.000-ով։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի քարտեզով» 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում 500.000 մարդ սոված է մնում։ Այս ամենի պատճառն օրեցօր ավելացող գնաճն է ու դրա ֆոնին մարդկանց նվազող եկամուտները։ Այսօր Հայաստանում բնակչության 50 %-ը չափավոր աղքատ է: Սա այն խավն է, որն ունի աշխատանք, բայց համարվում է անապահով՝ այսինքն՝ աշխատող աղքատներն են։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում 2020թ․ աղքատ է եղել բնակչության 27 %-ը, նախորդ տարի՝ 26.4 %-ը: Մինչև իշխանափոխությունը՝ 2017-ին՝ 25.7 %, 2018-ին՝ 23.5 %:

Սրան զուգահեռ, կառավարության նիստում վարչապետն ու նախարարները խոսում են «աննախադեպ» ցուցանիշների մասին՝ ասֆալտապատում, տնտեսկան ցուցանիշի աճ, հարկային եկամուտների, ավելացում, ներդրումներ և այլ աննախադեպ ցուցանիշներ, իսկ իրականում միակ աննախադեպ ցուցանիշը, որ տեսանելի է ՀՀ «հպարտ» քաղաքացու համար՝ գնաճն է։

Կառավարության նիստում այսօր վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 40 միլիարդ դրամով ավելի հարկ է հավաքվել և այն ուղղվեց Կառավարության պահուստային ֆոնդ։  Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով կառավարության հավաքագրած այդ 40 մլրդ դրամը, հիմնականում պայմանվորված է վերջին տարիների համեմատ աննախադեպ գնաճով։ «Կառավարությունը  գնաճի հաշվին ապահովել է լրացուցիչ հարկային մուտքեր։ Այդ գնաճի զգալի մասը բաժին է ընկնում սննդամթերքին։ Մասնավորապես, հունվար- մայիս ամիսներին միայն սննադամթերքի գներն աճել են 13,2 տոկոսով, առանձին  դեպքերում ապրանքների գներն աճել են 2 անգամ։ Քաղաքացիները, բնականաբար, չեն կարող հրաժարվել սննդամթերքից և այստեղ կառավարությունը «շահում է»՝ մուտքերն են ավելանում։ Կարևորն այն է, որ կառավարության դրամի գնողունակությունը շատ ցածր է՝ անցյալ տարվա 1 մլն դրամով կառավարությունը կարող էր ավելի շատ ծախս կատարել, քան այս տարվա 1լն 50 հազարով։ Ստացվում է՝ մի ձեռքով կառավարությունը կարողանում է շատ գումարներ հավաքագրել, իսկ մյուս կողմից չի կարողանում անհրաժեշտ ծախսերը կատարել։ Առաջին եռամսյակում կառավարությունն ամբողջությամբ ձախողել է թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը»,- նշեց տնտեսագետը և հավելեց, որ հիմնական խնդիրն այն է, որ կառավարությունը չի կարողանում ծրագրեր իրականացնել և այդ գումարն ուղղում է պահուստային ֆոնդին։ Այս դեպքում գումարները կառավարում է կենտրոնական բանկը և սպասում են մինչ գերատեսչությունները նոր ծրագրեր կբերեն։

Նախորդ 3 ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80.000-ով, աճել է աղքատության ցուցանիշը, կա աննախադեպ գնաճ։ Այս ամենը կառավարելու համար, ի՞նչ պետք է անի կառավարությունը:   Սուրեն Պարսյանն առաջարկում է հաշվի առնել նաև այլ գործոններ։ «Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարվա ընթացքում աղքատության ցուցանիշը Հայաստանում աճելու է։ Աշխատավարձերի և թոշակների չբարձրանալը բերելու է խոցելի խավի աղքատացման ավելացմանը։ Կառավարության միակ ներդրված ծրագիրը թոշակառուների համար սահմանված «քեշբեք» ծրագիրն է, որի համար հատկացվել է 5,6 մլրդ դրամ, որը  չի ծախսվելու քանի որ թոշակառուներից և նպաստառուներից շատ քչերն են կարողանում օգտվել քարտերից։ Հնարավոր է այդ գումարից ծախսվի շատ փոքր մասը միայն»,- եզրափակեց տնտեսագետ Պարսյանը։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան