Foto

Կազդի՞ փոխարժեքը սակագների վրա

Վերջին շրջանում ՀՀ դրամի արժևորումից հետո հույսեր են առաջացել, որ դա կարող է հանգեցնել հանրային ծառայությունների սակագների նվազեցման։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, գազին և էլէներգիային։ Միանշանակ է, որ այս հանգամանքը գազի սակագնի հաշվարկում, անշուշտ, որոշակի դեր ունի, ավելին՝ այն հանդիսանում է սակագների ձևավորման 4 հիմնական գործոններից մեկը։ Այլ հարց, այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում դրամի ամրապնդման հետ, կհանգեցնի՞ սակագնի նվազեցման, թե՞ ոչ։

Այն հանգամանքը, որ դրամի փոխարժեքները կարող են ազդել հանրային ծառայությունների սակագների վրա, այդպես է, քանի որ գազի սակագինը հաշվարկված է դոլարի 480 դրամ փոխարժեքով, մինչդեռ վերջին ամիսներին այն իջել է մինչև 415-420 դրամ։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ սակագները կապված չեն միայն փոխարժեքների հետ. կարևոր է, թե դրամի ամրապնդումն ինչքան կարող է շարունակվել։ Կարճաժամկետ հատվածում այդ ազդեցությունը չի կարող մեծ լինել։ Ի դեպ՝ այս պահին շատ բան անորոշ է, քանի որ չկա վստահություն, որ վաղը դրամը չի արժեզրկվի, ուստի՝ դեռ վաղ է խոսել սակագների հնարավոր վերանայման մասին։ Ինչ վերաբերում է գազի առումով, առավել ևս քիչ հավանական է, որ նույնիսկ դրամի երկարաժամկետ արժևորումը բավարար լինի սակագները վերանայելու համար։

Բանն այն է, որ գազի սակագների կախվածությունը փոխարժեքներից բավականաչափ հավասարակշռված է։ Ինչպես հայտնի է, սպառողների մի մասի համար այն հաշվարկված է դոլարով, մյուս մասի համար՝ դրամով՝ այլ կերպ ասած, փոխարժեքի ազդեցությունը հնարավորինս նվազեցված է։ Այլ բան, որ դրանից շահում են այն սպառողները, որոնց համար գազի սակագինը հաշվարկված է դոլարով։ Տվյալ պարագայում խոսքը խոշոր սպառողների մասին է։

Այլ կերպ ասած՝ երբ իշխանության ներկայացուցիչները խոսում են դրամի արժևորման բացասական հետևանքներից, պարտավոր են հիշել, որ դրանից տնտեսության առանձին հատվածներ նաև շահում են, այն էլ ոչ քիչ։ Ասեմ ավելին, այդ փաստը հաշվի առնելով՝ այս ամենը վաղուց պիտի հանգեցրած լիներ բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների նվազեցման, սակայն ոչ մի քայլ այդ առումով։

Ըստ էության, դրամի ամրապնդումը միանշանակ դրական գործոն է շարժիչային գազի գնի իջեցման համար։ Սա գազ սպառող այն հատվածներից մեկն է, որի համար սակագինը հաշվարկված է դոլարին համարժեք դրամով (այն կազմում է հազար խորանարդի համար 256 դոլար)։ Եթե 3 ամիս առաջ այս ոլորտում գործող բիզնեսը հազար խորանարդի դիմաց վճարում էր 125-130 հազար դրամ, ապա դրամի արժևորումից հետո վճարում է 105-110 հազար դրամ։ Տարբերությունը քիչ չէ, ու դա պիտի հանգեցներ գազալցակայաններում վաճառվող գազի էժանացման։

Սա վերաբերում է նաև արտադրության մի շարք ճյուղերին, որտեղ ևս դրամի ամրապնդումը պիտի հանգեցներ իրացման գների նվազման։ Ասենք՝ ցեմենտը, որի արտադրության ինքնարժեքի մեջ մեծ է գազի մասնակցությունը։ Դրամի ամրապնդման արդյունքում նվազում է ցեմենտի արտադրության ժամանակ օգտագործված գազի ծախսը։ Այս դեպքում էլ գազի սակագինը հաշվարկված է դոլարով, ու դա պիտի բերեր գների նվազման։ Գոյություն ունեցող պատկերը նույնն է՝ քար անտարբերություն։

Ըստ էության, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունն այստեղ գործող ընկերությունների, նաև խոշոր օլիգարխների համար ստեղծել է «ջերմոցային պայմաններ»։ Պետտուրք է դրել ներմուծման վրա ու արհեստականորեն բարձրացրել ներքին շուկայում վաճառվող ցեմենտի գինը։

Փաստացի, սրանք այն խնդիրներն են, որոնց այսօր պիտի հետևի կառավարությունը։ Եվ ոչ թե հույսեր տա, որ դրամի ամրապնդման արդյունքում ապագայում գազը կամ էլեկտրաէներգիան կարող են էժանանալ։ Ավելին, գազի սակագնի պարագայում այդ էժանացումը գրեթե բացառվում է։ Այն, ինչ ասվում է, ընդամենը հասարակությանը մոլորեցնելու և հույսեր տալու փորձ է։ Առավել ևս, որ դրամի ամրապնդումից բացի՝ կան այլ գործոններ, որոնք սակագների վրա հակառակ ազդեցությունն են թողել։ Ու այդ ազդեցությունը պակաս փոքր չէ, ինչպես դրամի ամրապնդման պարագայում։

Ընդհանուր այս «ռասկլադում» այլ խնդիր է էլեկտրաէներգիայի սակագինը, որտեղ դրամի ամրապնդման ազդեցությունն անհամեմատ մեծ է։ Բանն այն է, որ էլէներգիայի սակագների ձևավորման գործում բավական ծանրակշիռ է ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ազդեցությունը։ Այս տարի առավել ևս այդ ազդեցությունը մեծացել է՝ կապված ՋԷԿ-երում արտադրվող հոսանքի ծավալների ավելացման հետ։ Տարեսկզբի առաջին 4 ամիսներին Հայաստանում արտադրված հոսանքի գրեթե կեսը թողարկել են ջերմային կայանները։ Փաստացի, ՋԷԿ-երը թանկ հոսանք են արտադրում, ու դա կապված է առաջին հերթին՝ գազի գնի հետ։ Ի դեպ՝ ջերմային կայաններում սպառվող գազի սակագինը ևս հաշվարկված է դոլարով։ Դա նշանակում է, դրամի ամրապնդման արդյունքում, դոլարի հաշվարկով, վերջին ամիսներին այդ կայանները շատ ավելի քիչ են վճարում օգտագործվող գազի դիմաց։ Սա նշանակում է, որ դրամի ամրապնդումն էական գործոն է ՋԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի համար։ Այս հանգամանքը արդեն իսկ ջերմային կայաններում լրացուցիչ ֆինանսական միջոցներ է գեներացնում։

Եզրափակելով նշենք, որ այն ամենն ինչի մասին իշխանությունները հիմա խոսում են, շատ նման է հասարակության աչքին թոզ փչելուն։ Հավանականությունը, որ սպառողին վաճառվող էլեկտրաէներգիայի, առավել ևս՝ գազի սակագինը, դրամի արժևորման արդյունքում կիջնի, շատ փոքր է, և դրա հետ կապված մեծ հույսեր չպետք է փայփայել։

Արմեն Հովասափյան