Foto

Դեգրադացված հասարակությունն ու ընտրական ռիսկերը

Ինչպես հայտնի է՝ ուղիղ մեկ տարի առաջ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 44-օրյա պատերազմից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը տևական փողոցային պայքարից հետո դադարեցրեցին այն, երբ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն օրվա իշխանության հետ համաձայնության եկան արտահերթ ընտրություններ անցկացնել՝ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու նպատակով:

Ըստ էության, կյանքը ցույց տվեց, սակայն, որ պարտված իշխանության և, մասնավորապես, ջախջախված Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ  արտահերթ ընտրությունների ճանապարհը բոլորովին էլ ճիշտ ուղի չէր, այն քաղաքական իմաստով չէր էլ կարող լուծել ճգնաժամը:

Դա բնական է, քանի որ, երբ քաղաքական ճգնաժամի հիմնական պատճառը մնում է և մասնակցում ընտրություններին, նշանակում է, որ ինքը շանս է ունենում իր հնարավոր հաղթանակով արդեն իսկ գոյություն ունեցող քաղաքական ճգնաժամը երկարաձգել, ինչ-որ առումով նաև ավելի խորացնել։ ՀՀ իրականությունը ցույց տվեց, որ մեզ մոտ հենց այդպես էլ եղավ, ինչքան էլ դա զարմանալի է, ակնհայտ է, որ սա հայկական բազմադարյա պատմության մեջ եզակի պարադոքսներից մեկն է,  ինչը միանշանակ կասկածի տակ է դնում 5000-ամյա ազգի խոհեմությունն ու բանականությունը։ Այսինքն նման տիպի քաղաքական ճգնաժամը, որը ծագեց կործանարար պարտությունից, Արցախի 72 տոկոսը հանձնումից, հազարավոր մարդկային զոհերից ու կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, պարզ է, որ ընտրություններով չպետք է հանգուցալուծվեր, և նման կերպ չպետք է լուծվեր իշխանության վիճարկման հարցը։

Ստեղծված իրավիճակն, ըստ էության, այնպիսին էր, որ ընդդիմությունը փողոցային պայքարով չկարողացավ փաստացի հարց լուծել, ինչը նույնպես անոմալ, նաև պարադոքսալ երևույթ է, ի դեպ՝ ևս չքննարկված, թե ինչպես կարելի է նման խայտառակ պարտությունից, գրեթե գոյություն չունեցող իշխանության պարագայում, երկրում իշխանափոխության չհասնել։

Անվիճելի է այն փաստը, որ տվյալ ժամանակահատվածում ընտրության գնալը սխալ էր, քանի որ դա քաղաքական ճգնաժամի լուծման վատագույն լուծումն էր։ Որքան էլ հասարակության և ընդդիմության մոտ վստահություն կար, որ պարտության ու կապիտուլյացիայի տարած իշխանությունը ոչ մի ճանապարհով չի կարող վերարտադրվել, այնուամենայնիվ, երկրում սոցիալական խորը անդունդ, համավարակի դեմ պայքարի տապալում, զոհեր ու կորուստներ տեսած ժողովուրդը չգիտակցեց գոյություն ունեցող իրավիճակի լրջությունը, և 680 հազար քաղաքացի իր քվեն տվեց պարտության սիմվոլին՝ երկիրը գցելով շատ ավելի խորը ճգնաժամի մեջ։

Ի դեպ՝ ՀՀ-ում ոչ թե զուտ քաղաքական, այլ համապարփակ ճգնաժամ է, քանի որ քաղաքական ճգնաժամից բացի, գոյություն ունի նաև արժեհամակարգային ճգնաժամ, էլիտաների ճգնաժամ, ինչ-որ առումով՝ նաև քաղաքակրթական ճգնաժամ։ Ներկայումս ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մի հատվածը, դավաճանելով բոլոր արժեհամակարգերին, գնում է սեփական գեներին դեմ, այլ կերպ ասած մուտացիայի է ենթարկվում՝ սա խոսում է հասարակության արժեհամակարգի դեգրադացման մասին։

Եթե ներկայումս փողոցում պայքարող քաղաքական ուժերը չվերլուծեն նոյեմբերի 9-ից հետո տապալված շարժման իրական պատճառները, այս օրերին գրանցված ընդհանուր արդյունքներն ու թերությունները, ապա գրեթե վստահաբար կարող ենք փաստել, որ կա՛մ իրենք կփոխեն ընդհանուր մարտավարությունը և ավելի վճռական քայլերի կգնան, կա՛մ կգան նոր ուժեր, որոնք հաշվի կառնեն բոլոր առկա սխալները, կընտրեն նոր տակտիկա և իշխանության թույլ տված սխալները հաշվի առնելով՝ դրանք կօգտագործեն ավելի արդյունավետ։

Ամփոփելով նշենք, որ ՀՀ-ում այսօր կա թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն, որը չնայած վերջին 2-3 ամիսների ընթացքում բավական ուժեղացել և ոտքի է կանգնել, բայց դեռևս ուժերը բավարար չեն՝ թույլ իշխանությանը երկրի կառավարումից հեռացնելու համար։ Փաստ է այն, որ օրվա իշխանության հաղթաթղթերից մեկն այն է, որ ունի աշխարհաքաղաքական բևեռներից մեկի աջակցությունը, որոնք ունեն իրենց կոնկրետ շահերը ՀՀ-ում։ Մեկ բառով նշենք, որ այսօրվա ստեղծված իրավիճակը պայմանավորված է համաշխարհային ստատուս-քվոյով, որը բավականին փխրուն է։

Արմեն Հովասափյան