Փաստաբաններ
Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը դիմել են դատարան՝
պահանջելով դադարեցնել «Բաց հասարակությունների հիմնադրամի» գործունեությունը Հայաստանում։
Կազմակերպությունը հանրությանը հայտնի է, որպես «Սորոսի հիմնադրամ»։ Փաստաբան Տիրան
Աթանեսյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ու գործընկերը հանդիսանում են հայցվոր,
ներկայացնում են ՀՀ շահերը և գտնում են, որ այդ կառույցը զբաղվում է պետականաքանդ գործունեությամբ։
«Այդ կազմակերպությունը, ճիշտ
է, գրացված չէ որպես հիմնադրամ, այլ՝ օֆշորային կազմակերպության մասնաճյուղ է, սակայն
ամբողջությամբ կրկնում է հիմնադրամի գործունեությունը՝ հետևաբար նրա նկատմամբ կիրառելի
են հիմնադրամների մասին օրենքի դրույթները։ Հիմնադրամները կարող են լուծարվել շահագրգիռ
անձի դիմումով, եթե իրենց գործունեությամբ վտանգում են պետական կամ հասրակական անվտանգությունը։
Անձնին առաջադրվել է մեղադրանք ազգային ատելություն սերմանելու համար և հիմա նրան
ակտիվորեն պաշտպանում է «Սորոսի» գրասենյակը։ Ակնհայտ է, որ իրենց ֆինասավորվող ծրագրի
շրջանակներում կատարվում է գործողություն, որով վտանգվում է պետական և հասարակական
անվտանգությունն այն առումով, որ թշնամություն է սերամանում հայ և եզդի ժողովուրդների
միջև»,- ասաց Աթանեսյանը։
Փաստաբանները միաժամանակ միջնորդել են, որպեսզի մինչև
դատական գործի քննության ավարտը, նկատի ունենալով նշված գրասենյակի պետականաքանդ գործունեությունը,
որպես հայցի ապահովման միջոց արգելվի այդ գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:
Դատական պրոցեսի ակնկալիքների
մասին խոսելով՝ փաստաբանն ասաց, որ պետությանը շանս են տալիս՝ ազատվելու այս սպառնալիքից։
«Բնականաբար մենք երկուսով չենք կարող պայքարել միջազգային այս ցանցի դեմ, բայց պետությունները
կարող են։ Մենք այդ շանսը տալիս ենք, պետությունն այդ իրավական հնարավորությունն ունի,
բայց կօգտագործի՞ այն, թե՞ ոչ, դա արդեն այլ հարց է։ Մենք որպես քաղաքացի, որպես փաստաբաններ
ուղություն տվել ենք։ Մնացածը ժամանակը ցույց կտա։ Այստեղ քաղաքացին չի կարող պարտվել։
Միայն այն, որ խոսում ենք դրա մասին, պայքարում ենք դրա դեմ, արդեն դրական է»,- եզրափակեց
Տիգրան Աթանեսյանը։