Foto

«Անմեղ» մեղավորները


Ինչպես հայտնի է՝ օրերս կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վատնումը միայն այն չէ, որ աննպատակ ծախսում են։ Վատնում է նաև այն, որ ճիշտ ժամանակին չի ծախսվում, որովհետև այդ գումարն այսօր ծախսվեց, իքս պահ հետո պետք է արդյունք տա։ Այսօր չծախսվեց, այդ իքս պահի արդյունքը կորսվեց։ Ինքը կարող է նույնիսկ մնալ պետական գանձարանում, բայց մնալով՝ արդեն դա վատնում է, որովհետև չես ծախսել, որպեսզի ստանաս այն արդյունքը, որը քաղաքական կամ ընդհանրապես կառավարության ծրագրում արձանագրվել է»։ Այս մասին խոսում է մի մարդ, ում վարչապետության 4 տարիների ընթացքում պետբյուջեի ծախսերը մշտապես թերակատարվել են։ Ասեմ ավելին, թերակատարվել են կապիտալ ծախսերը, երբեմն՝ ընդհուպ 30-35 տոկոսով։ Նշենք, որ կապիտալ ծախսերը միշտ էլ եղել են այս կառավարության ցավոտ կողմերից մեկը։ Այն առումով, որ այդ ծախսերը, առանց բացառության, ամեն տարի թերակատարվում են։

Այս տարվա սկզբին նախատեսվել է իրականացնել ավելի քան 347 մլրդ դրամի կապիտալ ծախս։ Գրեթե 60 տոկոսով ավելի շատ, քան անցած տարի էր արվել, սակայն առաջընթաց չկա։ Կառավարությունը կրկին ձախողել է՝ ինչպես ընդհանրապես բյուջեի ծախսերի, այնպես էլ՝ կապիտալ ծախսերի կատարողականը։ Առաջին եռամսյակում նախատեսված է եղել իրականացնել 486 մլրդ դրամի ծախս, իրականացվել է 396 միլիարդի ծախս։ 90 մլրդ դրամի նախատեսված ծախս չի կատարվել։ Ընթացիկ ծախսերը թերակատարվել են 58 մլրդ դրամով, ավելի քան 32 միլիարդով էլ թերակատարվել են կապիտալ ծախսերը։ Նախատեսվել էր առաջին եռամսյակում կատարել 67 միլիարդի կապիտալ ծախս, կատարվել է՝ շուրջ 35 միլիարդը։ Ընդհանուր կատարողականը կազմել է հազիվ 52 տոկոս։ Կապիտալ ծախսերի 48 տոկոսանոց կամ 32 մլրդ դրամի թերակատարում ունենք միայն առաջին եռամսյակի արդյունքներով։

Այս ամենի հետ մեկտեղ, չնայած տարվա համար նախատեսված է կապիտալ ծախսերի 60 տոկոսանոց աճ, առաջին եռամսյակում փաստացի կատարված կապիտալ ծախսերը նախորդ տարվա համեմատ նվազել են ավելի քան 25 տոկոսով։ Բյուջեի նախատեսված ծախսերը չկատարելով՝ կառավարությունը, ինչպես խոստովանում է Փաշինյանը, «վատնել» է պետության միջոցները։ Փոխարենը գումարները ներդներ տնտեսության մեջ, իրականացներ պետական բյուջեով պլանավորված ծրագրերը, մեծացներ տնտեսության ներուժը, դրանք պահել է պետության գանձարանում։ Ըստ այդմ, չեն ստացվել այն տնտեսական ու սոցիալական արդյունքները, որոնք պետք է ստացվեին այդ ծրագրերի իրականացման արդյունքում։ Սա վնասարար գործունեություն է, որը տարիներ շարունակ իրականացնում է այս ապիկար կառավարությունը։

Ըստ էության, նախատեսված ծախսերը ժամանակին չկատարելու հետևանքով պետությունը մեծ վնասներ է կրել, իսկ դրա համար մինչև հիմա որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել կամ չի պատժվել։ Ինչպես հայտնի է՝ ամեն չնչին բանի համար Փաշինյանը նախկիններին անարգանքի սյունին է գամում, քրեական գործեր է հարուցում, սակայն դրան զուգահեռ, երբ իր կառավարման տարիներին բյուջեի ծախսերի և հատկապես՝ կապիտալ ծախսերի թերակատարումների հետևանքով վատնել են պետական միջոցները, պետությունը չի ստացել այն արդյունքը, որը պետք է ստանար, եթե ժամանակին ծախսվեին գումարներն ու իրականացվեին այդ ծրագրերը, պատասխանատվության ոչ մի միջոց չի կիրառվում, մեղավորները չեն պատժվում։ Կարևոր է արձանագրել, որ այդ ծրագրերը չեն կատարվել ոչ թե՝ գումարներ չլինելու, այլ՝ կառավարման թերացումների պատճառով։

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, թե ովքե՞ր են թերացել, ինչո՞ւ են թերացել և վատնել պետության ռեսուրսը, մինչև հիմա ոչ մեկը չի պատժվել, չնայած դրանից պետությունն ու տնտեսությունը մեծ վնասներ է կրել։ Եվ ոչ միայն՝ նախատեսված ծրագրերը չկատարելու կամ ժամանակին չկատարելու պատճառով։

Միանշանակ է նաև այն, որ կառավարությունն իր թերացումներով կրկնակի վնասներ է հասցրել տնտեսությանը։ Տնտեսությանը զրկել է շրջանառու միջոցներից. հարկերի հավաքման միջոցով փողը հանել է տնտեսությունից ու չի կարողացել ժամանակին վերադարձնել տնտեսության մեջ։ Խաթարել է ֆինանսական միջոցների արդյունավետ շրջապտույտը, ինչը կարևոր խթանող գործոն է տնտեսության ակտիվության համար։ Անկախ այն ամենից, թե ովքեր են սրա մեղավորները, պատասխանատուն կառավարությունն է, որը պարտավոր էր ժամանակին հետևություններ անել, վերացնել թերությունները, պատժել մեղավորներին, բարձրացնել պետական միջոցների կառավարման արդյունավետությունն ու շտկել իրավիճակը։

Ֆիքսենք՝ այն, ինչ ասում է Նիկոլը պետական միջոցների վատնման մասին, իրականում այդպես է։ Նախատեսված միջոցները ժամանակին չեն ծախսվել ու չեն ստացվել ակնկալվող արդյունքները, կապ չունի՝ այդ գումարները մնացել են պետության գանձարանո՞ւմ, թե՞ այլ տեղ են պահվել։ Ինչպես հայտնի է՝ ցանկացած պետական ծրագիր, լինի ասֆալտապատում, ճանապարհի կամ ոռոգման համակարգի անցկացում, ջրամբարի թե գործարանի կառուցում, ենթադրում է տնտեսական օգուտներ պետության ու հասարակության համար։ Դրա արդյունքում տնտեսությունը լրացուցիչ ակտիվություն է ստանում, բյուջեն լրացուցիչ հարկեր է գեներացնում, ավելանում են այդ ծրագրերի իրականացման ժամանակ օգտագործվող հումքի ու ապրանքների սպառման ծավալները, ստեղծվում են աշխատատեղեր, մարդիկ աշխատանք են գտնում, աշխատավարձ են ստանում, փող են ծախսում, ավելանում է սպառումը, և այդպես շարունակ։ Ի դեպ՝ սա մի հսկայական շղթա է, որից շահում է թե՛ պետությունը, և թե՛ հասարակությունը։

Արմեն Հովասափյան