Ցանկացած
պետության իշխանության որակն արտահայտվում է առավելապես նրանով, թե որքանով է այն հետապնդում
պետական, ազգային շահերը և որքանով է այդ իսկ իշխանությունը ծառայեցնում այդ շահերի
իրացմանը։ Ցավոք, Հայաստանի պարագայում, ինչպես գրեթե ամեն ինչ, դա ևս գործում
է ճիշտ հակառակ տրամաբանությամբ. ոչ թե իշխանությունն է ծառայեցվում պետական ու ազգային շահերի
իրականացմանը, այլ վերջիններս են ծառայեցվում իշխանության պահպանման մեխանիկական նպատակին։
Այս ամենի գլխավոր պատճառն
այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի համար իշխանությունը ոչ թե միջոց
է այլ՝ ավելի բարձր նպատակների հասնելու համար, այլ ինքնին նպատակ, որին հասնելու
և որը պահպանելու համար կիրառվում են բոլոր միջոցներն առանց խտրության։ Ամենապարզ մտավարժությունը
բացահայտում է այդ իրողությունը. տարրական հարց՝ կա՞ արդյոք տեսական ու գործնական հնարավորություն,
որ որևէ պետական, ազգային նպատակի համար Փաշինյանը կարող է հրաժարվել իշխանությունից։
Բանականություն և հայաստանյան իրողությունների մասին տեղեկացվածություն ունեցող ցանկացած
մեկի համար այդ հարցի պատասխանը միարժեքորեն բացասական է։ Նիկոլն ատամներով կառչած
է աթոռին:
Եթե որոշակի բացենք փակագծերը
և շարժվենք առաջ, ապա վարժության հաջորդ հատվածը լրացնում է առաջին թեզը. կա՞ արդյոք որևէ պետական
կամ ազգային խնդիր, որը Նիկոլը չի զոհաբերի, եթե դա անհրաժեշտ լինի սեփական իշխանությունը
պահպանելու համար։ Այս դեպքում նույնպես միանշանակ է, որ պատասխանը կրկին անվերապահորեն
բացասական է։
Հատկանշական է այն, որ
Փաշինյանը, առնվազն հետպատերազմյան շրջանում, նշված հարց-պատասխաններն ապացուցող բազմաթիվ
գործողություններ է կատարել՝ սկսած նրանից, որ ողբերգական պարտությունից հետո հրաժարական
չի ներկայացրել ու դրանով պետությանը առնվազն ժամանակ շահելու հնարավորություն չի տվել,
վերջացրած նրանով, որ այսօր հեզաբար կատարում է ադրբեջանա-թուրքական ցանկացած քմահաճույք՝
իր իշխանությունը պահպանելու համար։
Դաժան և ցավոտ է իրականությունը, բայց, փաստացի, այսօր Հայաստանը ղեկավարում
են մարդիկ, ում համար իշխանությունն ավելի թանկ է, քան պետական ու ազգային շահերը։
Որևէ նորմալ պետությունում սա հաստափոր քրեական գործի հարուցման հիմք կհանդիսանար։
Բայց քանի որ Հայաստանում քրեական գործեր հարուցում են նույն այդ իշխանությանը ծառայողները,
ապա դա ուտոպիստական է հնչում։
Ինչպես հայտնի է՝ նման
իշխանություն ունեցող պետություններն իսկական նվեր են աշխարհաքաղաքական մեծ ու փոքր
խաղացողների համար, հատկապես մեր նման խառնակ տարածաշրջանում ու, առավել ևս, Հայաստանի
նման բզկտված երկրի պարագայում։ Երբ որևէ երկրի իշխանություն առաջնորդվում է ոչ թե
պետական, այլ իշխանապահպանման շահերով, այն պատրաստ է բավարարելու ցանկացած գեոպոլիտիկ
կենտրոնի ցանկացած շահ, այդ թվում՝ անգամ թշնամական երկրներին հաճո, միայն մի պայմանով՝
եթե այդ բավարարումը հանգեցնելու է իշխանության պահպանմանը։
Ստեղծված իրավիճակի ողբերգականությունն
այն է, որ նման պատրաստակամություն ունեցող իշխանության հետ խոշոր ու ոչ խոշոր խաղացողները
հարաբերվում են նաև հակառակ տրամաբանությամբ՝ ոչ միայն իրենց նախապայմանի ու շահի բավարարումն
է հանգեցնում իշխանության պահպանմանը, այլ նաև այս կամ այն շահի մերժումը կարող է բերել
իշխանության կորստի։ Մեծ հաշվով, հենց այս տրամաբանությունն է Հայաստանում ու Հայաստանի
շուրջ այսօր կատարվող գործընթացների խորքային պատճառը։
Անվիճելի է այն, որ ներկայումս
մեր պետությունը, փոխաբերական իմաստով, հանվել է վաճառքի, իսկ վաճառասեղանի հետևում
կանգնածները թքած ունեն պետության վրա: Նրանց համար կարևորը տվյալ իրավիճակում սեփական իշխանության
ամեն գնով պահպանումն ու գեոպոլիտիկ տերերին հորթի ժպիտով քծնելն է:
Արմեն Հովասափյան









