Foto

Գյուղացիները բոլոր մթերողների հետ կարող են իրենց պայմանագրերը կնքել մինչև հուլիսի 1-ը. Քերոբյան

Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի փոփոխություններին։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ բացի խաղողից, այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև 1 տարի 3 ամիս մարման ժամկետով։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպությանը 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվելիք բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը։

«Պտուղ–բանջարեղեն մթերող կազմակերպություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունիսի 7-ի դրությամբ այս տարի մթերումների կանխատեսվող ծավալը հասնում է 149 հազար 300 տոննայի՝ անցած տարվա 80 հազար տոննայի համեմատ»,-նշեց նախարարը և հավելեց, որ մթերող կազմակերպությունները նախատեսվածից երկու անգամ քիչ պայմանագրեր են կնքել պտուղ-բանջարեղեն աջեցնողների հետ։

Վարչապետի հարցադրմանը, թե ինչու են պայմանագրերը քիչ կնքվել, նախարարը պատասխանեց՝ մթերող կազմակերպությունները մթերման հնարավորություններն են հաշվի առել ու շուկայի պահանջարկը։

Արմավիրի մարզպետի ներկայացրած պատկերը, ըստ որի՝ մարզի բազմաթիվ բնակիչներ չեն կարողանում մթերել ապրանքը պայմանագրեր չունենալու պատճառով, լարվածություն ստեղծեց։ Մարզպետի՝ փաստաթղթավորված խնդիրները պարզելու և լուծումներ գտնելու առաջարկին ի պատասխան՝ նախարարն արձագանքեց՝ հենց հիմա տրամադրեք ցանկը, որ հասկանանք ինչ անենք, որպեսզի մթերումները հասցնեն ժամանակի կազմակերպել։

Քերոբյանը նաև հիշեցրեց, որ պտուղ-բանջարեղենի մթերման պայմանագրերի կնքման վերջնաժամկետը մայիսի 30-նն է, իսկ խաղողինը՝ հուլիսի 1-ը։

«Պտուղ-բանջարեղեն աճեցնող 1354 տնտեսության հետ կնքվել է 1500 բերքի գնման պայմանագիր, համաձայն որի՝ 81,6 տոննա պտուղ բանջարեղեն կմթերվի»,-նշեց Քերոբյանը։