Համաշխարհային շուկա իր ապրանքատեսակների արտահանումը խրախուսելու համար՝ ԱՄՆ-ն էժան դոլարի քաղաքականություն է վարում։ ԱՄՆ-ն մեծ քանակությամբ դոլար է տպում ու բաց թողնում տնտեսության մեջ, որն, իր հերթին, հանգեցնում է դոլարի արժեզրկմանը։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով դոլարի կուրսի վերջին տատանումներին եւ դրա հնարավոր վտանգներին։
Միաժամանակ փորձագետն արձանագրել է, որ Հայաստանում դոլարի կուրսի տատանումների, մասնավորապես, վերջին արժեզրկումների պատճառները տարբեր են։ Նախ և առաջ փաստենք, որ մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանում աննախադեպ խոշոր՝ 50 մլն. դոլարի չափով գործարք է կատարվել՝ դրամ է գնվել, որի արդյունքում, ձնագնդի էֆեկտով, դոլարի կուրսի տատանումները մեծանալով հասել են մինչև այսօր։ Ըստ էության, սա կտրուկ հարված է եղել փոխարժեքին, և հատկանշական է, որ վերոհիշյալ գործարքի մասին որևէ տեսակի ինֆորմացիա չկա, գաղտնի է, բացառությամբ միայն այն, որ դա տեղի է ունեցել ինչ -որ անհատի կողմից»։
Բացի այդ, տնտեսագետի խոսքերով, վերջին չորս ամսվա ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ, ավելացել են ՀՀ-ի արտահանման ծավալները, հիմնականում, պայմանավորված մետաղների գներով. «ՀՀ-ն մեծ ծավալներով մետաղ է արտահանում՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի, որի արդյունքում, մեծ չափով դոլար է մտնում Հայաստան, և մենք ունենում ենք ավելցուկ, որի հաշվին էլ՝ դոլարն արժեզրկվում է։ Դոլարի արժեզրկման հաջորդ պատճառը Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են, որի արդյունքում, մեծ թվով ռուսներ են ժամանել Հայաստան, իրենց հետ բերելով մեծ քանակությամբ դոլար։ Պաշտոնական վիճակագրությամբ, միայն ապրիլ ամսին, ֆիզիկական անձանցից, մոտ, 320 մլն. դոլարի տրանսֆերտ է մտել Հայաստան, որից 200 մլն.-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են։ Այսինքն, անցյալ տարվա ապրիլ ամսվա համար այս թիվը կրկնակի աճել է»,- ասում է Սուրեն Պարսյանը։