Այս օրերին ԱԺ
տարբեր հանձնաժողովներում ընթանում են անցած տարվա պետբյուջեի կատարողականի քննարկումները,
եթե, իհարկե, դրանք կարելի է քննարկում անվանել, քանի որ այդ գործընթացներին մասնակցում
են բացառապես իշխող խմբակցության պատգամավորները։ Ինչպես հայտնի է՝ պառլամենտական ընդդիմությունը,
մեկ ամսից ավելի է, ինչ խորհրդարանում չէ և չի մասնակցում նաև բյուջեի
կատարման քննարկումներին։ Եվ ահա այս ընդհանուր ֆոնին լավ առիթ է իշխանությունների
համար՝ տպավորություն ստեղծելու, թե փայլուն արդյունքների են հասել։ Թեև ակնհայտ է,
որ կառավարությունը հերթական անգամ ձախողել է բյուջեի կատարողականը. թերակատարել է
բյուջեի ինչպես՝ եկամուտների, այնպես էլ՝ ծախսերի ծրագիրը։
Միանշանակ է,
որ գործող կառավարությունը չի կարողացել վերականգնել նաև տնտեսության կորուստները,
որոնք ունեցանք նախորդ տարվա ընթացքում։ Մինչդեռ, շատ երկրներ արդեն անցած տարի ոչ
միայն հետ են բերել կորուստները, այլև մտել են զարգացման փուլ։ Նախորդ տարվա 7,4 տոկոս
անկումից հետո, 2021թ. Հայաստանում արձանագրվել է 5,7 տոկոս տնտեսական աճ՝ 1,7 տոկոսային
կետով ավելի ցածր, քան եղել էր անցած տարվա անկումը։ Սա այն պարագայում, երբ հերթական
անգամ կառավարությունը գնաց մեծ քանակությամբ վարկային միջոցներ ներգրավելու ճանապարհով,
պետական պարտքն ավելացրեց ևս 1 մլրդ 257 մլն դոլարով՝ հասցնելով 9 մլրդ 226 մլն դոլարի։
Ընդգծենք նաև, որ դա տեղի է ունեցել հիմնականում թանկ փողերի
հաշվին։ Միայն անցած տարվա ընթացքում կառավարությունը պետական պարտքը համալրել է գրեթե
16 տոկոսով։
Այնուհանդերձ
հատկանշական է այն, որ նույնիսկ այդ պայմաններում մեր տնտեսությունը չի վերականգնվել,
ինչը խոսում է կառավարության իրականացրած տնտեսական ու բյուջետային քաղաքականության
անարդյունավետության մասին։ Ըստ էության, բյուջեի կատարումը,
բնականաբար, ինքնանպատակ չէ, և այն ունի՝ ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ՝ հատկապես
սոցիալական նշանակություն։
Մի քանի դիտարկմամբ
նշենք, թե տնտեսության մասով կառավարությունն ինչ «ձեռքբերումներ» է ունեցել և ի՞նչ
է շահել մեր հասարակությունն անցած տարվա բյուջեի կատարողականի արդյունքում։ Տարին,
ինչպես հայտնի է, առանձնացել է բարձր գնաճով, ինչը բյուջեի եկամուտների ապահովման առումով,
անշուշտ, ունեցել է դրական նշանակություն։ Տարբեր գնահատումներով, գնաճի արդյունքում
բյուջեի եկամուտներն ավելացել են 3,5-4 տոկոսով, բայց դա տեղի է ունեցել սպառողների
գրպանի հաշվին։ Այլ կերպ ասած՝ գնաճի հաշվին բյուջեն համալրվել է, իսկ սպառողներն աղքատացել
են։
Եթե այդ ամենն
ավելի պատկերավոր ներկայացնենք, ստացվում է, որ տասներկուամսյա գնաճն անցած տարի Հայաստանում
հասել է 7,7 տոկոսի՝ 2,2 տոկոսային կետով ավելի բարձր, քան նախատեսված թիրախային ցուցանիշի
վերին սահմանն է, իսկ սննդամթերքի գնաճը՝ գերազանցել է 13 տոկոսը։
Ու հենց այստեղ
է, որ առաջանում է ամենատրամաբանական հարցը՝ ի՞նչ է արել կառավարությունը մարդկանց
գնաճից պաշտպանելու ու նրանց սոցիալական խնդիրները մեղմելու ուղղությամբ։ Ըստ էության, ո՛չ աշխատավարձ
է բարձրացրել, ո՛չ էլ թոշակ ու նպաստ։ Սրան զուգահեռ էլ սոցիալական իրավիճակը երկրում
ավելի է սրվել՝ բարձր գնաճի ու հասարակության հիմնական մասի եկամուտների չավելացման
կամ դանդաղ աճի հետևանքով։ Միաժամանակ խորացել է ոչ միայն աղքատությունը, այլև սոցիալական
բևեռացումը, հարուստներն ավելի են հարստացել, աղքատները՝ աղքատացել։
Երկրում աղքատության
մակարդակի վերաբերյալ անցած տարվա ցուցանիշները դեռ հայտնի չեն, բայց հնչող գնահատականները,
այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից, խիստ մտահոգիչ են՝ կապված աղքատության խորացման հետ։ Եթե իրականանան
այդ գնահատականները, ապա կունենանք աղքատության այնպիսի բարձր մակարդակ, ինչպիսին չունեինք
անգամ իշխանազավթումից առաջ (2020թ. տվյալներով աղքատությունը մեր երկրում խորացել
է)։
Հենց սրանք են
իշխանությունների իրականացրած բյուջետային ու տնտեսական քաղաքականության արդյունքը։
Այդ քաղաքականությունը բերել է նրան, որ մեր երկրում աղքատությունն էլ ավելի է խորացել։
Չնայած իշխանությունների հայտարարություններին, հասարակության հիմնական մասի եկամուտները
շատ ավելի դանդաղ են ավելանում, քան նրանք կրում են գնաճի իրական ազդեցությունը։
7,7 տոկոսանոց գնաճի պայմաններում բազմաթիվ են այն առաջին անհրաժեշտության ապրանքները,
որոնց թանկացումների տեմպն անգամներով ավելի բարձր է։
Ի դեպ՝ կառավարություն
կոչվածի աշխատանքի «արդյունավետության» ու «ձեռքբերումների» մասին է խոսում նաև այն,
որ մեր երկիրը մեծ տեմպերով դատարկվում է։ Միայն անցած տարի երկրից հեռացել է ու չի
վերադարձել ավելի քան 73 հազար քաղաքացի։ Նշենք, որ նման ահռելի արտագաղթի տեմպ վերջին
տարիներին երբևէ չէր եղել։ Իսկ շատ ավելի վատն այն է, որ այս տարի այն շարունակվում
է։ Միայն տարեսկզբի առաջին 3 ամիսներին երկրից գնացել և չի վերադարձել 8 հազարից ավելի
քաղաքացի։
Ըստ էության, անկախ նրանից,
թե ինչով է պայմանավորված արտագաղթը, դրա պատճառները թաքնված են, առաջին հերթին՝ իշխանությունների
իրականացրած քաղաքականության մեջ։ Ինչպես հայտնի է՝ ամենաշատը մարդիկ հեռանում են այն
պատճառով, որ ապագա չեն տեսնում այդ քաղաքականության մեջ։ Պակաս դեր չունեն նաև սոցիալական
խնդիրները։ Փաստն այն է, որ իշխանությունները գրեթե ոչինչ չեն անում մարդկանց սոցիալական
կարիքները բավարարելու համար։
Ամփոփելով նշենք,
որ այսօր տնտեսության մեջ ձևավորվող եկամուտները հասարակության մեծամասնությանը պարզապես
անհասանելի է։ Դրա պատճառն իշխանությունների կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությունն
է և ձևավորվող եկամուտների անհամաչափ բաշխումը։
Արմեն Հովասափյան









