Foto

ՄԱԿ-ը հրապարակել է 2021-ի Հայաստանի տարեկան զեկույցը

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի 2021 թ. տարեկան արդյունքների զեկույցը Փաստաթղթում նշվում է, որ նախորդ տարի Հայաստանը կրել է աննախադեպ կրկնակի ճգնաժամերի՝ COVID-19-ի համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության, դրա շուրջ զարգացումների հետևանքները։

«Այս իրար համընկնող ճգնաժամերը միասին բնակչությանը ենթարկել են մի շարք հարվածների՝ կյանքի զգալի կորուստներից մինչև հսկայական տնտեսական և սոցիալական ծախսեր, որոնք հատկապես ազդել են աղքատ և խոցելի համայնքների վրա», – գրված է զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ նախորդ տարի Հայաստանի համար առաջնահերթ են եղել հումանիտար ճգնաժամի լուծումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, հայ ռազմագերիների վերադարձը:

Ըստ փաստաթղթի՝ 2021 թ.-ի հունիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը կառավարությանը տվել է նոր լեգիտիմություն:

ՄԱԿ-ի զեկույցում նաև նշվում է, որ չնայած ձգձգվող աշխարհաքաղաքական լարվածությանը և մարդասիրական խնդիրներին՝ 2021 թ. Հայաստանը սկսել է դանդաղ վերականգնվել:

«Տնտեսությունը, որը զգալիորեն տուժել էր համավարակի ընթացքում, 2021 թ.-ի երկրորդ կեսին սկսել է ցույց տալ առողջացման նշաններ», – գրված է զեկույցում։

ՄԱԿ-ի զեկույցում ներկայացվել է նաև կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը 2021 թ.: