Համաձայնեք, որ ապրում
ենք բավական հեղհեղուկ, միաժամանակ, տուրբուլենտ շրջափուլում, երբ աշխարհաքաղաքական
գործընթացները զարգանում են կայծակնային արագությամբ։ Մինչ Հայաստանում օր օրի խորանում
են Արցախի կարգավիճակի հարցի շուրջ ներքաղաքական կրքերը, դրան զուգահեռ շարունակվում
են բրյուսելյան հարթակում Ադրբեջանի հետ բանակցությունները, ընթանում է հայ-թուրքական
երկխոսությունը, գումարած՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին Թուրքիան շարունակում
է ցայտուն չեզոքություն պահպանել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Ի դեպ՝ սա, մեղմ ասած,
դուր չի գալիս Արևմուտքին:
Օրերս Թուրքիայի արտգործնախարար
Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ
միանալ հակառուսական տնտեսական պատժամիջոցներին։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ
պատժամիջոցներն ազդել են նաև Թուրքիայի վրա։ «Մեր
դիրքորոշումը հասկանալի է, և այն պետք է հասկանալի լինի այն միջնորդական դերի պատճառով,
որ մենք զբաղեցնում ենք։ Մեր դիրքորոշումը պարզ է, մենք չենք կապում և թույլ չենք տա,
որ դա արվի մեր միջոցով»,- ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Ռեջեփ
Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի միանա «Ուկրաինայի շոուին», և հրաժարվել էր
փչացնել Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները։ Այս ընդհանուր ֆոնին մեկ
այլ հետաքրքրական դրվագ է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտերի շուրջ
Թուրքիա-հավաքական Արևմուտք լարվածությունը: Ինչպես հայտնի է՝ պատերազմից հետո Ռուսաստանի
դեմ պատժամիջոցներին չմիացած Թուրքիան, ի տարբերություն դաշինքի մյուս անդամների, բացահայտ
դեմ է, որ ՌԴ սկանդինավյան հարևանները, որոնք երկար տարիներ չեզոքություն էին պահպանում,
համալրեն դաշինքի շարքերը։
Կասկածից վեր է, որ Անկարան,
ընդդիմանալով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, կոնկրետ քայլեր է ակնկալում
անվտանգության վերաբերյալ իր մտահոգությունները փարատելու հարցում: Ավելին, Ստոկհոլմն
ու Հելսինկին բանագնացներ են ուղարկում Անկարա, փորձում համոզել Էրդողանին, արևմտյան
պաշտոնյաները կոշտ հայտարարություններով են հանդես գալիս, և Արևմուտքը հույս ունի,
որ Անկարային համոզելու համար Ստոկհոլմն ու Հելսինկին մինչև հունիսի վերջին Մադրիդում
նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ժամանակ ունեն։
Ըստ հյուսիսատլանտյան ալյանսի կանոնադրության՝ միայն դաշինքի անդամ բոլոր 30 երկրների համաձայնության դեպքում անդամակցության հայտ ներկայացրած երկրները կարող են համալրել ռազմական դաշինքի շարքերը՝ ստանալով հավաքական անվտանգության երաշխիքներ: Մոսկվան, իր հերթին՝ դեմ է՝ դա որակելով մեծ սխալ: ՌԴ ղեկավարության տեսանկյունից՝ դաշինքի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումն ուղղակի սպառնալիք է երկրի համար և անխուսափելիորեն պատասխան կբերի։ Թուրքիան զուգահեռաբար բանակցություններ է վարում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հետ և ակնկալում, որ Անկարայում կհյուրընկալի Պուտինին ու Զելենսկիին: Հավելենք նաև, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը ոչ միայն Ուկրաինայում, այլև Սիրիայում, որի վերաբերյալ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Էրդողանն ընդգծել է, որ անհրաժեշտ է «անվտանգ գոտի» ստեղծել Սիրիայում՝ թուրքական սահմանի մոտ։
Աշխարհաքաղաքական այս
խառնաշփոթի պայմաններում Անկարան վերջերս հարձակվել էր նաև Հյուսիսային Իրաքում Քրդստանի
աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի վրա։ Այս գործողությունը թուրքական իշխանությունների
կողմից դիտվում է՝ իբրև կանխարգելիչ, որը կոչված է կանխելու PKK-ի առաջխաղացումը դեպի
թուրքական տարածք։ Այժմ Էրդողանը հայտարարել է Սիրիայի տարածքում հնարավոր նոր անդրսահմանային
գործողության մասին՝ 30 կմ խորությամբ հարավային սահմանների մոտ անվտանգության գոտու
ստեղծումն ավարտին հասցնելու համար։ Ի դեպ, Ղարաբաղյան հակամարտության գոտու շուրջ
իրավիճակը որևէ կերպ չի քննարկվել:
Ի դեպ՝ այս օրերին ուշագրավ
էր հետևել նաև տեղեկատվական դաշտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Պուտինին զանգահարելու լուրին: Արևմտյան մամուլն այս
օրերին ակտիվորեն քննադատում է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնին ու Գերմանիայի կանցլեր
Շոլցին՝ Պուտինին զանգահարելու և նրա հետ բանակցելու համար՝ նրանց համարելով Ուկրաինայի
չեզոքության կողմնակիցներ: Արևմտյան արմատական գործիչներն ու վերլուծաբանները գտնում
են, որ Պուտինի հետ բանակցել չի կարելի, քանի որ այդ բանակցությունները նրան ամրացնում
են:
Կարևոր է փաստել, որ ռուս-թուրքական
հարաբերություններն ունեն ինչպես իրենց բարդությունները, այնպես էլ՝ ճկունությունը, որը հենց
ուկրաինական պատերազմի ֆոնին լավագույնս դրսևորվում է: Միանշանակ է, որ Ռուսաստանն
ունի իր խնդիրներն Ուկրաինայում, իսկ Էրդողանի խնդիրները ներկայումս Մերձավոր Արևելքում
և այլ գոտիներում են: Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև մնացած այլ խաղացողների համար
սա խաղատախտակ է, որի վրա տեղափոխություններով լուծվում են մեծ հարցեր:
Արմեն Հովասափյան









