Foto

Ամենավատ բանակցություն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունները․ Արման Սարգսյան

Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպումը կկայանա մոտ օրերս՝ Մոսկվայում, հաջորդը՝ Բրյուսելում: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Հարցին, թե այն պայմաններում, երբ սահմանին զոհեր են լինում, հանձնաժողովի աշխատանքի շարունակություն լինելո՞ւ է, փոխնախարարը պատասխանեց․ «Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետև բանակցություններն ամենալավ լուծումն են բոլոր առումներով։ Այսինքն՝ ամենավատ բանակցություն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունները»։

Փոխնախարարը չպատասխանեց հարցին, թե ինչ քարտեզներով է իրականացվելու սահմանազատումը. «Դրանք ընթացակարգային հարցեր են, որոնք պետք է քննարկվեն: Տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական, հետագա անելիքները պլանավորելու հարցեր»: