Foto

Ստեղծվել է Հայաստանի էլեկտրոնային ռեսուրսների շտեմարան

Vesti.am-ի զրուցակիցն է «Թվային Հայաստան» կազմակերպության համահիմնադիր Մերի Շերոյանն է։ Կազմապերպությունը ստեղծել է հարթակ, որտեղ մեկտեղվում են Հայաստանի էլեկտրոնային ռեսուրսները։

Տիկի՛ն Շերոյան, ինչպե՞ս ծագեց «Հայաստանի էլեկտրոնային ռեսուրսների շտեմարան» հարթակ ստեղծելու մտահաղացումը։

«Հայաստանի էլեկտրոնային ռեսուրսների շտեմարանի» ստեղծման գաղափարը ծագել էր դեռևս անցյալ տարի։ «Թվային Հայաստան» կազմակերպության թիմն արդեն իսկ աշխատում էր հարթակի կոնցեպտի վրա և, ունենալով հստակ պատկերացում, իրականացնելով հետազոտություն առ այն, որ Հայաստանում առկա չէ նմանատիպ ռեսուրների հարթակ, որը մեկ թվային միջավայրում կապահովի ամբողջ տեղեկատվության տրամադրումը, գաղափարը ի վերջո կյանքի կոչեց։ Նշեմ, որ շտեմարանը մշակել ենք ԵՄ աջակցությամբ   «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ՄԱԶԾ Կոլբա լաբի կողմից ազդարարված նախագծի շրջանակում։

 Դուք մեկտեղում եք էլեկտրոնային ռեսուրսները, դրանով ի՞նչ խնդիր է լուծվում, ո՞րն է նպատակը։ Ի՞նչ կտա հարթակը շարքային քաղաքացուն։

Հայաստանի էլեկտրոնային ռեսուրսների շտեմարանը հանդիսանում է այն տեղակատվական միասնական հարթակը, որն իր մեջ համախմբում և մեկտեղում է Հայաստանի պետական կառավարման համակարգի մարմինների և մասնավոր ընկերությունների կողմից մշակված պաշտոնական կայքերը, տեղեկատվական պորտալները, ծառայություններ մատուցող հարթակները և այլ էլեկտրոնային գործիքներ։  Մեր առջև դրել էինք խնդիր ապահովել համակարգված և մատչելի տեղեկատվության տրամադրում քաղաքացիներին, հետազոտողներին, հասարակական կազմակերպություններին, փորձագիտական համայնքի, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և քաղացիական հասարակության այլ դերակատարներին։

Թվային դարաշրջանում կարևորագույն խնդիրներից է օգտատերերի իրազեկվածությունը և գիտելիքները՝ էլեկտրոնային գործիքներից օգտվելու հարցում։ Հարթակը մեծապես լուծում է թվային փոխակերպման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հետ կապված խնդիրը։ Ներկայումս Հայաստանում մշակված և ներդրված են բազմաթիվ էլեկտրոնային գործիքներ, որոնց օգտագործման մակարդակը բավական ցածր է՝ հարթակների վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով։ Քաղաքացիները հաճախ դժվարություներ են ունենում պետական ծառայություններ ստանալիս, ինչպես նաև պետությանը առցանց դիմելու, տեղեկատվություն ստանալու և որոնելու հարցում։ Հարթակը հնարավորություն է տալու քաղաքացիներին տեղեկանալ, թե ի՞նչ էլեկտրոնային ռեսուրսներ են ներդրված Հայաստանում և ի՞նչ ծառայություններ կարող են ստանալ էլեկտրոնային եղանակով։

 

Եթե առանձնացնելու լինեք հարթակի երեք կարևորագույն հատկանիշ, ապա որոնք են դրանք։

 Հարթակը բավական պարզ է իր օգտագործման մեջ։ Այն ապահովում է ըստ ոլորտների էլեկտրոնային ռեսուրների տարանջատումը, որը թույլ է տալիս տեսնել տարբեր հատվածների (պետական, մասնավոր, տեղական ինքնակառավարման մարմիններ) կողմից մշակված էլեկտրոնային գործքիները և առանձնացնել դրանք։ Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ փորձում ենք ապահովել տրամադրված տեղեկատվության մատչելիությունը և արդիականությունը՝ հնարավորինս հասանելի եղանակով ներկայացնելով յուրաքանչյուր ռեսուրսի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այն թույլ կտա յուրաքանչյուր օգտատիրոջ ոչ միայն լինել տեղեկացված առկա էլեկտրոնային ռեսուրսներից, այլ՝ ծանոթանալ կոնկրետ հարթակի նպատակային նշանակությանը և հարթակի հնարավորություններին։

Հարկ եմ համարում որպես կարևոր առանձնահատկություն նշել այն, որ հարթակը լիակատար կկայանա պետական, մասնավոր և հանրային շրջանակների  պրոակտիվ ներգրավման և մասնակցության արդյունքում։ Այս առումով պարբերարաբար քննարկումներ ենք իրականացնում քաղաքացիական հասարակության շրջանում, հարցումներ ենք ներկայացնում պետական մարմիններին, համագործակցություն և ներառական մասնակցություն ենք ակնկալում նաև մասնավոր շրջանակներից։
Նշեմ նաև, որ հարթակում նախատեսել ենք առաջարկների ներկայացման և արձագանքման գործիքակազմ, որով յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ներկայացնել իր առաջարկները և դիտարկումները՝ նպաստելով հարթակի զարգազմանը, արդիականցմանը և թվային գործիքների վերաբերյալ համակարգված և միասնական տվյալների բացակայությունը լրացնելու ջանքերի մեկտեղմանը։