Մենք մինչև այս պահը հաստատված 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Այս մասին Աժ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից եղել է գերիների վերադարձի հարցը։
«Մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք, բայց ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է, որպեսզի մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք»,-նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմաններ առաջ քաշել գերիների վերադարձման համար, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ։
«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, որ՝ բոլոր պահվող անձինք, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն»,-հայտարարեց վարչապետը։









