Այսուհետ օրենքով կկարգավորվեն հանքերի
շահագործման դեմ հավաքներն ու բողոքի ակցիաները: Այս մասին այսօր ԱԺ-ում
հայտարարեց փոխվարչապետ Հովհաննես Հարությունյանը։ Անկախ հիմնավորումներից, որոնք որևէ կերպ պատճառաբանված
չեն, պարզ է, նպատակը մեկն է՝ Ամուլսարի շահագործումը։
Այն որ ՀՀ տնտեսության դրական ցուցանիշների մասին խոսակցությունները վերջին շրջանում ասվում են միայն կատակի տեսքով, դա նկատում է ՀՀ
յուրքանչյուր քաղաքացի՝ սեփական գրպանի հաշվին գնաճի իրական թվերը տեսնելով։ Ամուլսարի
շահագործմամբ իշխանությունը փորձում է նաև տնտեսական խնդիր լուծել, իսկ բնապահպանները
և նեղ մասնագետները հավաստիացնում են՝ առաջանալու է ջրային ռեսուրսների խնդիր, որն
էլ էական վնաս է հասցնելու տնտեսության մյուս ճյուղերին և բնությանը։ Հակառակ կարծիք, հիմնավորում շուրջ 4 տարի է, իշխանությունը
չի ներկայացնում։ Ամուլսարի շահագործումը կանխելու համար երիտասրդների մի զգալի զանգված
նույնիսկ վրաններ էր դրել և հերթապահում էր
այնտեղ։
Այստեղ, իհարկե, բացի շահագործումն ապահովելը, այլ խնդիր էլ է առաջանում։ Բանն
այն է, որ, անկախ նրանից թե քաղաքացին ինչի դեմ է բողոքում, միևնուն է սահմանադրորեն
ունի դրա իրավունքը։ Այս օրինագծով կրկին սահմանափակվում է ժողովրդի կամարտահայտման
իրավունքը։ Ստացվում է, որ պետություն է որոշում, թե ՀՀ քաղաքացին իշխանության որ գործողություններից
կարող է բողոքել, իսկ որից՝ ոչ։ Սա այն ժողովրդավարության մասն է, որը երկրի վարչապետը
համարում է բրենդ։ Իհարկե, ՀՀ քաղաքցին այս հարցում իր մեղքի բաժինն
ունի։ Երբ վիրավորանքը քրեականացնող օրենք էր ընդունվում ու քրեական գործեր էին հարուցվում, հասարակությունը լռեց, հանդուրժեց այն, որ իշխանության
դեպքում վիրավորանքը քաղաքական գնահատական էր, իսկ ընդդիմադիրների դեպքում քր․ գործի
պատճառ։ Հասարակությունը հանդուրժեց մամուլի
դեմ ճնշումների տասյակ օրինագծեր, հանդուրժեց դատավորի կալանավորումը, հղի կնոջն ավտովթարի
միջոցով սպանությունը, զոհվածի հոր ձերբակալությունը
և այլն։ Հիմա այդ հանդուրժողականությունը շարունակելու նոր փուլ է առաջարկում
իշխանությունը։ Հանդուրժե՞լ դա, թե՞ ոչ․․․ քաղաքացին մի վերջին անգամ որոշելու հնարավորություն
ունի։









