Foto

Այսօր մայիսյան եռատոնն է

Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին նշվում է Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն իրականացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Շուշիի ազատագրմամբ ոչնչացվեցին ադրբեջանական բոլոր կրակային կետերը, որոնցից ռմբակոծվում էր Ստեփանակերտը։ Շուշիի ազատագրումը հնարավոր է դարձել, երբ օպերատիվ պլան է կազմակերպվել Լաչինի հարավային ուղղությամբ։ Մինչ այդ որոշվել էր Շուշին ազատագրել երեք ուղղությամբ հարձակվելով, բայց ձախողվել էր։ Գլխավոր՝ 4–րդ ուղղության ներմուծումն օպերատիվ պլան հնարավոր դարձրեց քաղաքի ազատագրումը։ Շուշիում ազերիներն ու նրանց օգնության եկած մոջահեդ վարձկանները, խուճապի մատնվելով, դիմել են փախուստի, և մայիսի 9-ին հայերը քաղաք են մտել առանց դիմադրության։

Ղարաբաղյան պատերազմի հրադադարը նույնպես կնքվել է մայիսի 9–ին՝ 1994թ.։ Հրադադարի պայմանագիրը մայիսի 9–ին ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը, մայիսի 10–ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը, մայիսի 11–ին՝ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Ս. Բաբայանը։

Մայիսի 9-ը նաև 2–րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է։

Vesti. am