Foto

Մեր դիրքորոշմանը, ներկայացված փաստերին դատարանն ընդհանրապես չի անդրադարձել․ Չալաբյանի փաստաբան

Մայիսի 14-ին կալանավորվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։  Նա ձերբակալվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։

Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։

Կալանավորման որոշումը պաշտպանական կողմն արդեն ստացել  է։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց․ «Որոշման մեջ որևէ հիմնավորում չկա, կա պարզապես քննիչի միջնորդության պարզ վերարտադրություն (copy-past) և կան ընդհանրական, վերացական եզրահանգումներ։  Դրանցից մեկն այն է, որ այո՛, Չալաբյանը կարող է փախնել և խոչընդոտել քննությանը։ Ընդ որում վերջին փաստարկում  նշել են, որ ունի բարձր հեղինակություն։  Երևի պետք է հեղինակազրկված լիներ, որ դատարանը  չկալանավորեր»։

Պաշտպան Հարությունյան ընդգծում է, որ իրենց դիրքորոշմանը, ներկայացված փաստերին դատարանն ընդհանրապես չի անդրադարձել և դրանով  իսկ դատական ակտը պատճառբանված չէ։ «Մենք դիրքորոշում ենք հայտնել, որ հուլսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով նույնիսկ նման հանցակազմ չկա՝ ինչի՞ց պիտի փախներ Ավետիք Չալաբյանը։  Չեն անդրադարձել նաև նրան, որ ձայնագրությունը հրապարակելուց 3 օր հետո Չալաբյանն իր հաշվառման հասցեում քնած է եղել, երբ եկել էին խուզարկության։ Կալանավորումը Չալաբյանի նկատմամբ ընտրվել է, ոչ թե որպես խափանման միջոց, ոչ թե քննության արդյունավետության ապահովման, այլ՝ Ավետիք Չալաբյանին պատժելու համար։  Կալանավորումը դարձել է պատժիչ գործիք և չի ծառայում իր օրենսդրական նպատակներին։  Դատարանն իր կայացրած ակտում անգամ չի նշել, որ պաշտպանական կողմն ասեց այսինչ բանը, ինչը դատական ակտի պատճառաբանվածության կարևոր նախապայմաններից է։ Որոշման վերաբերյալ բողոքը ժամերի ընթացքում մուտք կարվի Վերաքննիչ դատարան»,- եզրափակեց Վարազդատ Հարությունյանը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան