Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահին գտնվում են Ռազմական ոստիկանությունում, Գարիկ Գալեյանը ձերբակալվել է քննիչի որոշմամբ՝ ԳՇ գնդապետ Արեգ Մադաթյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և նրան քաշքշելու համար։
«Զոհված զինծառայողների ծնողները երեկ դիմել են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի, իսկ քննիչները Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու փոխարեն ձերբակալում են այն անձանց, որոնք դիմում են Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու համար։ Հետևությունները թողնում եմ Ձեզ։ Ընդ որում՝ իրեն անպատվելու և քաշքշելու համար հանցագործության մասին հաղորդում է տալիս ԳՇ գնդապետը՝ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, պատկերացնու՞մ եք»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։
Ընդ որում, Գարիկ Գալեյանը ձերբակալվել է՝ ազատության մեջ գտնվող անձին դատարան ներկայացնելու նպատակով, ինչը ենթադրում է, որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան։ Քրեական գործի շրջանակներում Գարիկ Գալեյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, սակայն մեղադրանքի որոշմանը պաշտպանության կողմը դեռևս ծանոթ չէ, քննիչը շուտով կմոտենա և կծանոթացնի որոշմանը։ Մինչ մեղադրանքի շուրջ դիրքորոշում հայտնելը, պաշտպանության կողմը պատրաստվում է բացարկ հայտնել ամբողջ ՔԿ ԶՔԳՎ-ին։
« Անձը չի կարող քննել նույն զորամասում կատարված գործ, որին ինքը ականատես է եղել, իսկ երեկ ես հայտնել էի, որ ԶՔԳՎ քննիչները սեռական հայհոյանքներ են հնչեցրել զոհված զինծառայողների ծնողների հասցեին։ Հիմա այդ նույն պայմաններում քննիչն ինչպե՞ս կարող է քննել իրենց նկատմամբ քրեական գործը։ Այսինքն՝ բացարկի հիմքեր կան, առաջնահերթ բացարկ ենք հայտնելու քննիչին, որևէ գործողության չենք պատրաստվում մասնակցել»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էին քրեական գործով իրենց տուժողների իրավահաջորդ ճանաչել, ինչը բավարարվել է և դատախազը ցուցում էր տվել քննիչին՝ ծնողներին տուժողների իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ, սակայն քննիչը ձեռնպահ էր մնացել այն կատարելուց։ Մյուս պահանջը, որը ներկայացվել էր ծնողների կողմից, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն, որի լուծումը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հետաձգել է։ ՀՀ գլխավոր դատախազությունը փաստել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն անգործություն է ցուցաբերել Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով ու այն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Այժմ քրեական գործը ՔԿ ԶՔԳՎ վարույթում է, զոհված զինծառայողների ծնողները տուժողի իրավահաջորդ են ճանաչվել։ Նրանց ներկայացուցիչը միջնորդություն էին ներկայացրել դատախազություն՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանին ներգրավվել որպես մեղադրյալ և ձերբակալել նրան, սակայն դատախազությունը մասնակի է բավարարել միջնորդությունը՝ մերժելով ձերբակալման մասով, միևնույն ժամանակ՝ հանձնարարվել է Զինվորական քննչական վարչությանը՝ կատարելու համապատասխան քննչական գործողություններ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան









