Օր օրի դիվանգետները, քաղաքագետները, մասնագիտական տարբեր շրջանակներ բարձրաձայնում են անկում ապրող
ՀՀ արտաքին քաղաքականության մասին։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան, ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանի
հետ։
-
Պարո՛ն Աբովյան,
ի՞նչ իրավիճակում է ՀՀ արտաքին քաղաքականությունը։
-
Արտաքին քաղաքականությունը կառուցված է անհասկանալի, ինչու չէ, նաև կամակատարության շրջանակներում, որովհետև այն գործողությունները, որոնք այսօր կատարում
է Հայաստանի գործող իշխանությունը, իսպառ չի համապատասխանում այն կենսական հետաքրքրություններին,
որոնք այսօր ՀՀ-ի առջև են։ Կարելի է փաստել, որ մենք չունենք արտաքին քաղաքականություն,
որը համապատասխանում է ՀՀ շահերին, բացի որոշակի իներցիոն գործընթացներից (օրինակ ՀԱՊԿ,
որի մեջ ՀՀ ներգրավված էր վաղուց)։
-
Իշխանության արտաքին
քաղաքական որևէ էական գործողություն նկատե՞լ եք, որն ի նպաստ ՀՀ-ի եղել։
-
Ո՛չ, չկան և այս պարագայում չեն էլ կարող լինել, քանի որ ՀՀ
իշխանությունը, մեղմ ասած, գնտվում է ոչ ադեկվատ իրավիճակում։ Դա արտահայտվում է նրանում, որ այս աշխարհաքաղաքական և ներքին վտանգներին փաստացի ՀՀ իշխանությունը կամ չի արձագանքում կամ էլ արձաքանգում
է՝ ելնելով թշնամի պետությունների շահերից։ Թե ինչով է դա պայմանավորված, կարծում եմ,
ավելորդ է ասել։ Այդ թուրք-հայկական կամ թուրք-ադրբեջանական բանակցությունները միտված
են ընդամենը երկու-երեք նպատակի՝ հանձնելով ՀՀ-ի արտաքին քաղաքական և տարածաշրջանային
շահերը, ստանալ խաղաղություն և բացել իբր թե
«խաղաղության դարաշրջան»։ Բազմիցս ասել եմ,
որ իրենց գործողությունները բերելու են և արդեն իսկ բերել են ծանրագույն ճգնաժամի՝ թե՛ Արցախի շուրջ, թե՛ ՀՀ-ի։ Այս իշխանությունը ՀՀ արտաքին քաղաքականությունը
հասցրել է այն մակարդակի, որ այսօր Հայաստանը փաստացի կանգնած է մասնատման վտանգի առջև։
Անվանենք դա դեմարկացիա, դելիմիտացիա կամ ինչպես ուզում ենք, միևնույն է, դա մասնատում
է։ Այն բերում է նաև Արցախի Հանրապետության դեմոնտաժի։ Ի դեպ, պայմանավորված ռուսական
գործոնով, Արցախի Հանրապետությունն ավելի բարենպաստ պայմաններում է, քան ՀՀ-ն։ Իշխանությունն
ամեն ինչ տանում է դեպի տոտալ անկում՝ պետական ինքանսպանություն։
-
Ֆրանսիայի հրապարակի
բողոքի և անհանզանդության ակցիաները խանգարո՞ւմ են իշխանության վկայակոչած «խաղաղության դարաշրջանի» բացմանը։
-
Եկեք պայմանավորվենք, ոչ թե «Խաղաղության դարաշրջան», այլ ոչնչացման
կամ ինքնասպանության դարաշրջան։ Ինչ վերբերում է տեղի ունեցող գործընթացներին՝ պետք
է փաստենք, որ ՀՀ-ում քաղաքացիների հիմնական մասը համաձայն չէ կա՛մ կոտորվել, կա՛մ
արտագաղթել, կա՛մ դառնալ թուրքի ճորտ։ Ազդեցության մասին դժավար է խոսել, քանի որ այս
իշխանությունը չի զորու չէ և չի կարող որոշել ոչ մի բան։ իզուր չէ, որ երկկողմ հարաբերություններին
վերաբերող լուրերը մենք իմանում ենք Բաքվից կամ Անկարայից։ Սա նշանակում է, որ այս
իշխանությանը բանի տեղ դնող չկա։
-
Ձեզ կամ ԲՀԿ-ին
կտեսնե՞նք Ֆրանսիայի հրապարակում։
-
Բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում փողոցում՝ ապաքաղաքական
են։ Այն մարդիկ ովքեր, պայմանականորեն, լիդերներն են այս պայքարի, իրենք էլ են հայտարարում,
որ սա ապաքաղաքական է։ Կարծում եմ, ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքականության,
պայքարելու կամ ընդդիմանալու ֆորմատը։ Ես չէի սևեռվի, թե ո՞վ, ո՞ր փողոցի վրա է։ Այդ
կերպ պայքարը կքաղաքականացվի, ինչն այսօր շատ է ցանկանում անել իշխանությունը։









