Foto

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Դուշանբեում

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը Դուշանբեում հանդիպում են անցկացնում։ Այս մասին իր Տելեգրամ-ալիքում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացնում Դուշանբեում», - Միրզոյանի և Լավրովի հանդիպման նկարը տեղադրելով` գրել է Զախարովան:

Նշենք, որ մինչ Միրզոյանի հետ հանդիպելը Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովի հետ։ Նախարարների հանդիպման մասին հայտնել էր Զախարովան` կրկին լուսանկար հրապարակելով։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտնել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը եռակողմ հանդիպում կանցկացնեն Դուշանբեում՝ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում:

«Այսօր այստեղ մենք լավ հնարավորություն ունենք եռակողմ հանդիպում անցկացնել, տեսնել, թե ինչպես են կատարվում եռակողմ հայտարարությունները, որոնք ընդունվել են մեր երկրների ղեկավարների կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում», - ասել է Լավրովը:

Հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Դուշանբե` մասնակցելու մայիսի 12-13-ին նախանշված ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: