Foto

ԲԴԽ-ն մերժեց Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ մերժեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Կարգապահական վարույթ հարուցվել էր Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանների միջնորդության հիման վրա։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, դատավորն անգամ չէր ծանուցել պաշտպանության կողմին և կալանավորման որոշում էր կայացրել՝ առանց մեղադրյալին և պաշտպաններին լսելու, իսկ այն բանից հետո, երբ ՍԴ-ն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ, Սարգսյանն ազատ էր արձակվել։

Արթուր Սարգսյանի փաստաբանները դեռևս նոյեմբեր ամսին՝ դատավոր Դանիելյանի կայացրած որոշումից անմիջապես հետո, հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար, ինչպես նաև՝ դիմել էին ՀՀ արդարադատության նախարարությանը և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով հարուցել կարգապահական վարույթ։

Պաշտպանները պնդում էին, որ դատավորը կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ և թույլ է տվել քրեական իրավունքի և դատավարության կարևորագույն սկզբունքների խախտումներ։