Երևանի քաղաքապետը
«ավտարիտետնի» հայտարարել է, որ Երևանյան լճի շրջակայքը (իրականում միայն լճի մեկ ափը)
աղբից մաքրելու համար 4500 մեքենա տեղափոխել է 8500 խմ աղբ: Ինչ խոսք, Մայրաքաղաքի
միակ մեծ ջրային ավազանը տասնամյանկենի կեղտից մաքրելը ոչ միայն շնորհակալ գործ է,
այլև քաղաքային իշխանություններից մեծ համարձակություն և աշխատանք է պահանջում: Երևանի
ոչ մի քաղաքապետ այդ մասշտաբի գործ չէր նախաձեռնել: Բայց պարզ մաթեմատիկական գործողությունը
ստվերում է այս հրաշալի նախաձեռնությունը: Պարզվում է, որ յուրաքանչյուր բեռնատար լճից
տեղափոխել է ընդամենը 1.88 խմ աղբ: Սա եթե պարզ անտնտեսվարություն չէ, ապա խոշոր չարաշահում
է: Երևանցիների հարկերի հաշվին լճի ափին տունտունիկ են խաղացե՞լ, թե՞ ուղղակի փող են
դուրս գրել ու գրպանել: Երևանի քաղաքապետարանը հավանաբար շուտով կմեկնաբանի իր ներկայացրած
թվաբանությունը, բայց խնդիրն ավելի խորքային է: Օրինակ՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թվաբանություն
է պտտվում աղբահանության ոլորտում՝ ինչքան են հայտարարում և ինչքան են աղբահանում:
Իսկ որևէ մեկը տեղյա՞կ է, թե օրինակ Երևանի փողոցների գիշերային լուսավորությունը իրականում
որքան է նստում մեր քաղաքացիների գրպանի վրա: Իսկ ասֆալտ կարկատե՞լը, մի քանի օրից
ջնջվող փողոցային գծանշումնե՞րը, հայտարարված բայց երթուղիներում գտնվող ավտոբուսների
իրական հարաբերությո՞ւնը, կանաչապատման և ոռոգման թվե՞րը: Հիմա Երևանի քաղաքապետարանը
ո՞ր երևանցուն կարող է համոզել, որ մինչև հիմա արդար ու թափանցիկ է աշխատել, չի խաբել
ու թալանել քաղաքի բյուջեն: Գուցե այս թվաբաությունն էլ փոխեն ու հայտարարեն, թե ինչ-որ
մի չինովնիկ պատահմամբ սխալ թվեր է ներկայացրել, գուցե այդ չինովնիկի անունն էլ հրապարակեն
ու նկատողություն տան: Բայց «չար պատահականությունները» կարծես այս իշխանությունների
մշտական ուղեկիցն են: Արարատի մարզպետը տիեզերական մակարդակների կաթիլային ոռոգման
ցուցանիշ էր հրապարակում, էկոնոմիկայի նախարարը, ի հեճուկս բարձր գնաճի, տնտեսական
աճի խցանումներ է արձանագրում, առողջապահության նախարարը պատերազմում զոհված զինվորներին
գրանցում է որպես քովիդից մահացածներ, վարչապետը հայտարարում է, թե Արցախի 7 շրջանները,
Շուշին ու Հադրութն առանց պատերազմի էլ պետք է հանձնվեին Ադրբեջանին, ուղղակի պատերազմը
միայն 5000 զոհ ավելացրեց «գործընթացին» և այլն: Իհարկե, ամեն մի այսպիսի «սխալ» արագ
սվաղվում է, թե իբր իրենց սխալ ենք հասկացել, թարգմանել, զգացել: Լավ, ինչպե՞ս և ինչքան
են իրենք մեզ կառավարելու, եթե իրենք մեր լեզուն չեն հասկանում, իսկ մենք՝ իրենցը:
Հ.Գ. Հոդվածը
պատրարստ էր հրապարակման, երբ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետը Vesti.am-ին տեղեկացրեց, որ հայտարարության
մեջ տեխնիկական վրիպակ է սպրդել: Իրականում տեղափոխվել է 450 բեռնատար աղբ և յուրաքանչյուրը
տեղափոխել է 12 խմ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է
ոչ թե 8500, այլ 5400 խմ աղբ: Այսինքն՝ քաղաքապետի հայտարարության մեջ երկու թիվ է
եղել, երկուսն էլ՝ սխալ:









