Foto

Ի՞նչ է իրականում կատարվում Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում

Երեկ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի որոշ աշխատակիցներ հայտարարությամբ էին հանդես եկել և հայտնել էին ԲԿ-ում առկա խնդիրների մասին, որոնք առաջացել էին նոր տնօրենի և բուժգծով տեղակալի գալուց հետո, ովքեր իրենց պարտականությունները ստանձնել են այս տարվա փետրվար ամսից։ Բշժկական կենտրոնը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, որը 10 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնվել նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ընտանիքին պատկանող «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ին։

Աշխատակիցների տարածած  հայտարարության հետ ԲԿ ներկայիս տնօրեն Սերգեյ Միրզոյանը ոչ միայն համամիտ չէ, այլև ասում է՝ սուտ է։  Նա «ոչ արհետսավարժության» որակավորման մասին չցանկացավ խոսել։ Սակայն ընդամենը համացանցային տեղկությամբ կարելի է արձանագրել, որ հիվանդանոցի տնօրենը  ամենաերիտասարդ վիրաբույժ բժշկական գիտությունների թեկնածուն է եղել, ապա նաև դոկտորը, ղեկավարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքը և այլն։ Գլխավոր բժիշկ Աննա Մարտիրոսյանն էլ երկար տարիներ ղեկավարել է «Արաբկիր» ԲԿ-ի պոլիկնինիկական ծառայությունը։ Միրզոյանին մեղադրում են ունակ կադրերին «սեփական անգրագետներով» (կամ սիրուհիներով)  փոխարինելու մեջ։

Vesti.am-ի հետ զրուցում տնօրենն ասում է. «բա ինչ անեի, եթե մարդիկ դիմում են գրել ու հեռացել են»։ Իսկ թե ինչո՞ւ են դիմում գրել, պատասխանում է․ « Յուրաքանչյուրն իր դրդապատճառն ունի հավանաբար։ Այստեղ նոր պահանջներ են դրվել՝ խնդիրը պացիենտին պատշաճ օգնություն ցուցաբերելն է, աջակցելը։ Այս հիվանդանոցը ոչ մեկինը չէ, այլ՝ պացիենտինը։ Գուցե գտել են, որ նոր պահնաջները չեն կարող բավարարել կամ էլ ավելի լավ աշխատանք են գտել և այլն։ Այստեղ փող աշխատելու խնդիրն առաջնային չէ։ Գործել է աշխատանքային կարգ, որն ի օգուտ պացիենտի բարելավվել է»։

Թեև հայտարարության մեջ նշված է, որ ԲԿ-ից հեռացել են մի քանի բաժնի վարիչներ, սակայն  գլխավոր բժիշկ Աննա Մարտիրոսյանը նշում է, որ խոսքը միայն 1 բաժնի վարիչի մասին է, ով այս պահին այլ ԲԿ-ում աշխատում է։

Ծանուցագրեր են ուղարկվել նաև մի քանի բժիշկների, որոնք կենտրոնում աշխատում էին քաղիրավական պայմանագրով։ Միրզոյանն ասում է, որ հենց այնպես չեն որոշել։ Բաժնի վարիչների հետ խոսել են, փորձել են հասկանալ այդ մասնագետների  աշխատանքային արդյունավետությունը, նրանց հետ համագործակցությունը։ Նույնիսկ դեպք է եղել, որ բաժանմունքի վարիչն ասել է, որ չի ճանաչում իր բաժնում աշխատանքային պայմանգիր ունեցող բժշկին։ Հետագայում խոսել են նաև այդ մասնագետների հետ։ Որոշները զարմացել են, որ կենտրոնի հետ դեռ պայմանագիր ունեն, որոշներն էլ պարզապես դիմում են գրել ու գնացել։   

Այս պահին ազատված է մոտ 15 աշխատակից, ևս մի քանիսը ծանուցում են ստացել, սակայն ԲԿ-ի իրավաբանն ասում է, որ աշխատանքային իրավունքների խախտում չի տեսնում, վստահ է, որ պետք է յուրաքանչյուր դեպք դիտարկել անհատապես։ Բոլոր դեպքում առկա են եղել իրավական հիմքեր։ Պատրաստ է դրանցից յուրաքանչյուրի իրավականությունը քննարկել, եթե նախկին կամ ծանուցված աշխատակիցները կհամձայնեն։

Աննա Մարտիրոսյանն էլ համամիտ չէ, որ ԲԿ-ում անառողջ մթնոլորտ կա։ Ամեն օր հանդիպում են, քննարկումներ և առողջ բանավեճեր ունենում բժիշկների հետ։ Յուրաքաչյուր չորեքշաբթի էլ գիտական օր է՝ բաժանմունքներից մեկը՝ ներկայացնում իր շաբաթվա աշխատանքը։ Այս բարձրացված նշաձողի արդյունքում Սերգեյ Միրզոյանը վստահ է, որ  ԲԿ-ն իր տեսակի մեջ կարող է դառնալ լավագույնը

Խնդրի մասին տեղյակ է նաև Երվանդ Զախարյանը, ով կենտրոնի տնօրենից խնդրել է ամեն ինչ անել  ի օգուտ պացիենտի։

2023թ.-ի հունվարի 1-ին ավարտվում է Երվանդ Զախարյանի ընտանիքին պատկանող է «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարման ժամկետը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ քաղաքապետարանը հակված չէ այն երկարձգելուն, իսկ հիմնավորումը լինելու է այն, որ ներդրումների բավարար քանակն ապահովված չէ։ Այս աղմուկի և կառավարման ժամկետի միջև «պատահական համընկնումեր» են նշմարվում։

Հեղինակ: Աննա Ավետիսյան