Foto

ՍԴ-ն արդարացնում է Փաշինյանի ջանքերը

Սահմանադրական դատարանը  1 շաբաթում արդեն 3-րդ որոշումն է հրապարակում ի օգուտ գործող իշխանության։  Բարձրագույն դատարանը իրավաչափ ճանաչեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային սահամանափակումը, այսինքն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկանը, իսկ Ջհանգիրյանն ընտրության պահին 66 տարեկան էր։ Նման պահանջ էր ներկայացրել նաև նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը՝ պահանջելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ, որը մերժվել էր։

Կային  տեղեկություններ, որ Ջհանգիրյանն այս ընթացքում հանդիպել է ՍԴ նախագահի հետ, ինչպես նաև հանդիպումներ է փնտրել Նիկոլ Փաշինյանի հետ, ով ըստ աղբյուրների՝  դժգոհ է դատարանների աշխատանքից։ Իրապես Փաշինյանն ու դատախազությունն ամեն ինչ անում են, որ իշխանությանը ոչ հաճո մարդիկ մնան կալանքի տակ, սակայն դատավարական փուլում դա չի հաջողվում։ Ջհանգիրյանի կառավարման ընթացքում Դատվորների միությունն ակտիվացավ, իսկ մեղադրական դատավճիռներ «նախկինների» վերաբերյալ չկան։ Ավելին՝ նրանցից գերթե բոլորն ազատության մեջ են։ Եվ սա այն դեպքում, երբ չի աշխատում էլեկտրոնային մակագրման համակարգը, երբ դատարանի նախագահները գործերը ձեռքով մակագրում են յուրային դատավորին, երբ օրենք են փոխում, վիրավորանքն են քրեականացնում, դատարանները շրջափակելու կոչ են անում, արդարադատության նախարարն էլ իր հերթին ոչ յուրային դատավորների նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթներ։

Ապրիլի 30-ին սահմանադրական է ճանաչվել նաև ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին աղմկահարույց օրենքի նախագիծը: Այն ՍԴ-ում վիճարկում էր  Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա պնդմամբ՝ պետք է գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար: Այս հոդվածով 8 ամսում հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ։ Այս օրենքն ապաքրեականացնելու կոչով Հայաստանին են դիմել միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, իսկ  Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը սա խոսքի ազատության հստակ նահանջ էր դիտարկել։

Սահմանադրական է ճանաչվել նաև ԱԺ նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Ընդդիմադիրները յոթ ամիս առաջ ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցելու խորհրդարանի նիստին՝ կալանավորված լինելու պատճառով, և հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը. այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը, ուստի Ալեն Սիմոնյանի ընտրությունն օրինական չէ։

Եթե ԲԴԽ-ն չի արդարացնում Փաշինյանի սպասելիքները և ներդրված ջանքերը, ապա Սահմանադրական դատարանն իր գործը լավ է կատարում։ Իզուր չէր ՍԴ կազմը լուծարաելուն միտված գործողությունները։ Նախ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար քրեական գործ հարուցեցին Հրայր Թովմասյանի նկատմամբ, ապա գործող դատավորների մեծ մասին պատադրված ուղարկեցին թոշակի և յուրային Արման Դիլանյանին նշանակեցին նախագահ։

Դիլանյանը և մյուս իշխանական անդամներն իրապես կատարում են իրենց առջև դրած խնդիրը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան