Foto

2023 թ. հունվարի 1-ից նախատեսվում է դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի արտահանման պետական տուրքի կիրառությունը

Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ դարձնելու նպատակադրմամբ: Ըստ հիմնավորման, ներկայումս մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող կազմակերպությունների՝ մետաղների խտանյութի իրացումից ստացվող եկամուտները հարկվում են շահութահարկով և ռոյալթիով: Վերջինս նախատեսված է մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեև ռոյալթիի գործող համակարգը որոշակիորեն արձագանքում է մետաղների միջազգային գներին՝ այն իմաստով, որ վերջիններիս բարձրացման պարագայում ռոյալթիի դրույքաչափը, ի հաշիվ շահութաբերությունից կախված բաղադրիչի, որոշակիորեն աճում է, այդուհանդերձ ռոյալթիի դրույքաչափի աճը բավարար չէ մետաղների միջազգային գների էական բարձրացման պարագայում պետական բյուջեի համար արդարացի և հիմնավորված լրացուցիչ եկամուտներ ապահովելու տեսանկյունից։ Նախագծերով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը: Առաջարկվում է նաև, պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները, համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ: Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Այս մոտեցմամբ, նպատակ է դրվել ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում մետաղների միջազգային գների, և հետևաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից չլինի խնդրահարույց: Ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում կլրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է փոխել նաև ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկելիս գործող օրենսդրությամբ սահմանված որոշ սահմանաչափեր: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եթե հաշվարկված ռոյալթիի իրացման շրջանառությունը 15 տոկոս (գործող օրենսդրությամբ սահմանված 20 տոկոսի փոխարեն) կամ ավելի չափով ցածր է միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա որպես իրացման շրջանառություն է հիմք ընդունվում միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառության 85 տոկոսը (գործող օրենսդրությամբ սահմանված 80 տոկոսի փոխարեն): Նախատեսվում է մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ։ Մասնավորապես, նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ռոյալթիի տեսքով հավաքագրել այնքան լրացուցիչ գումար, որը գրեթե համարժեք կլինի ներկայումս պետական տուրքի տեսքով հավաքագրվող գումարի կեսին։ Ընդ որում, ներկայումս պետական տուրքի տեսքով հավաքագրվող գումար ասելով՝ ի նկատի է առնվում պետական տուրքի տեսքով փաստացի հավաքագրվող գումարի շուրջ 70 տոկոսը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գումարի մնացյալ 30 տոկոսը, միևնույն է, շահութահարկի և ռոյալթիի տեսքով հավաքագրվելու էին, եթե պետական տուրքի համակարգը ներդրված չլիներ, և եթե վճարված պետական տուրքի գումարները նվազեցված չլինեին շահութահարկի և ռոյալթիի հաշվարկման բազաներից՝ որպես համախառն եկամտի նվազեցումներ։

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ թեման բավական երկար ժամանակ է քննարկվել. «Մենք արձանագրում էինք, որ պղնձի գնի շարունակական բարձրացման արդյունքում պետական բյուջեի եկամուտներն այն մակարդակի չեն, որ պետք է լինեն: Մյուս կողմից էլ՝ ռոյալթիի համակարգի բարեփոխումը մեր օրակարգում էր, բայց նաև մեզ որոշակի ժամանակ էր պետք դրա վրա աշխատելու համար: Դրա համար որոշում կայացվեց և նախորդ տարի սեպտեմբերից, ըստ էության, սկսեց գործել արտահանման տուրքը: Գները, ինչպես գիտեք, անկանխատեսելի են, և մեր ընկալումը հետևյալն է՝ այնպիսի նշաձողեր սահմանենք, որ երբ գներն անկում ապրեն, մենք հարկային այնպիսի համակարգ ունենանք, որն ընկերություններին հնարավորություն կտա ցածր գների պայմաններում շարունակել իրենց աշխատանքը՝ նաև պահպանելով աշխատատեղերը, բնականոն զարգացումը և այլն: Իսկ բարձր գնային պայմաններում վճարվող հարկերի թիվն էականորեն լինի ավելին»:

Վարչապետի խոսքով՝ ռոյալթիի համակարգի քննարկումը շատ բազմաշերտ է և բարդ. «Երկար քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ Ազգային ժողովին առաջարկենք, որպեսզի ընդունեն այս տարբերակը: Մենք կարծում ենք, որ գտել ենք բալանսավորված մի որոշակի բանաձև, որով կկարողանանք ապահովել նաև պետական և հանրային շահը: Նաև հաշվի առնենք, որ արդեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը շոշափելի բաժնեմաս ունի հիմնական արտադրողի մոտ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Եվ այս առումով, կարծում ենք, որ որոշակի հավասարակշռության պիտի հասնենք, բայց բոլորս պետք է իմանանք, որ տուրքը մինչև 2023 թվականի հունվարի 1-ի շարունակելու է գործել և հունվարի 1-ից նոր սկսելու է գործել ռոյալթիի նոր համակարգը»:

Վարապետն անդրադարձել է նաև այն խոսակցություններին, թե ինչպես է կառավարությունը դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր. «Ոմանք դա կասկածելի, կոռուպցիոն գործարք են համարում։ Սա շատ զարմանալի է։ Եթե որևէ իշխանավոր, կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով այդ սեփականության տերը դառնար, ոչ մեկ չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու՝ կասկածելի է թվում։ Ի՞նչն է կասկածելի. ներդրողը, ով ձեռք է բերել հին բաժնետերերից բաժնեմաս, որոշել է Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն անել, և Հայաստանի Հանրապետությունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է»:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը հունվարից մինչև ապրիլի 20-ը 1 մլրդ դոլարից ավելի առևտրաշրջանառություն է ունեցել։ «Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերն այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս, և ոչ ավելին։ Այսինքն, 1 մլրդ դոլարից ավելի առևտրաշրջնառություն ենք ունեցել այս տարվա 3 ամսում, գումարած ապրիլի 20 օրը։ Սա շատ կարևոր է և որոշակի լավատեսություն է հաղորդում»,- ասել է վարչապետը:

Կառավարության հավանության է արժանացել նաև «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կապահովի կառավարության կողմից աղբավայրերի մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման կարգի սահմանման իրավական հենքը։ Կսահմանվի «թափոնների հեռացման վայրեր», «թափոնների հեռացման վայրերը շահագործողներ» և «թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ» հասկացությունները, աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը, կհստակեցվի մոնիթորինգ իրականացնողների շրջանակը։ Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, կապահովի թափոնների տեղադրման վայրի հարակից տարածքներում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրերը շահագործողների կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության` կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը նախատեսվում է վերապահել նաև ՀՀ ոստիկանությանը: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում: Ինչպես նաև աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը կնպաստի շահագործվող աղբավայրերը վնասակար ազդեցության նվազեցմանը։

Հավանություն է տրվել նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի, ինչպես նաև բժշկական արտադրատեսակների պատվերի ձևավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման և բաշխման կարգի համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ։