Foto

Ոստիականությունն ընդունում է, որ քաղաքացիներին բերման է ենթարկում զուտ փողոց փակելու համար

Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 189 անձ: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:

Ոստիկանությունից նաև նշել են, որ  նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար:

Փաստացի ոստիականությունն ընդունում է, որ քաղաքացիներին  բերման է ենթարկում զուտ փողոց փակելու համար: Բացի այդ մի շատ կարևոր խնդիր կա՝ հավաքների և բողոքի ակցիաների ժամանակ Ոստիկանությունը հրապարակավ պարտավոր է ներկայացնել իր օրինական պահանջը և ժամանակ տրամադրել ցուցարարներին այն կատարելու համար, ապա նոր դիմել գործողությունների: Այսօր մայրաքաղաքի ոչ մի փողոց ուժով բացելուց առաջ որևէ պահանջ չի ներկայացվել:

Դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ ՀՀ-ի բրենդը ժողովրդավարությունն է: Պարո՛ն Փաշինյանը, գուցե իրական ժողովրդվարությունն ուղիղ 4 տարի առաջ էր, ուղղակի հպարտ քաղաքացիները վեր նայելով չէի նկատել: Այն ժամանակ փողոց փակելու համար որևէ մեկը բերման չէր ենթարկվում: Ընդ որում ոչ միայն փողոց փակելու, այլ ավտոբուսների դիմաց նստելու, մեքենաները չթույլատրված վայրերում թողնելու և գնալու համար, իսկ ոստիկաններին էլ այնքան  կարելի էր մոտենալ, որ հնարավոր էր փշալարեր մագլցել և ձեռքին սրտիկով վնասվածք ստանալ: Հպարտ քաղաքացիներն այն ժամանակ հպարտությունից վերև էին նայում, իսկ հիմա՝ գլխկիոր ներքև: Սա նոր ժողովրդավարական իրականությունն է:

Հեղինակ: Աննա Ավետիսյան