Foto

Պարո՛ն Վարդևանյան, գիտենք, որ պատգամավոր եք, բայց հրաման ունենք․ ոստիկանը՝ Արամ Վարդևանյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ Արամ Վարդևանյանը վստահեցնում է` ՀՀ ոստիկանական համակարգում կան այնպիսի ծառայողներ, որոնք համաձայն են ընդդիմության կարծիքի ու գաղափարախոսության հետ։

Այս մասին նա ասաց Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում` մեկնաբանելով վերջին օրերին (հատկապես այսօր) ոստիկանական ուժերի գործողությունները։ Նրա պնդմամբ` 50 ոստիկաններից 46-ը բավական սթափ դատող, հասկացող, իրավիճակն ընկալող, իրենց ականջներին բաներ շշնջացող անձինք են, իսկ մյուս 4-ը հիմնականում շատ տարօրինակ են։

«Վերջին օրերին բազմաթիվ ոստիկանների հետ մենք առնչություն ենք ունեցել, որովհետև մեր երթերի, հավաքների ընթացքում հենց նրանք են ուղեկցել մեզ։ Այդ համակարգում բացահայտել ենք իրոք չափազանց հայրենասեր մարդկանց։ Ընդհանուր գնահատական տալով համակարգին, կարող եմ ասել, որ նրանց մեջ մեծամասնությունը մեր կարծիքն ու գաղափարածոսությունը կիսողներ են, սակայն, ցավոք սրտի, կան նաև այնպիսիները, որոնք չպետք է ոստիկան կոչվեն»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով` ակցիաների ընթացքում փողոցներում լինում են նաև ոստիկանական համազգեստով այնպիսի անձինք, որոնք, ըստ Վարդևանյանի, գուցե ինչ-որ անձանց թիկնապահներ են։ Պատգամավորը նաև ներկայացրեց, թե ինչ պայմաններում են իրեն բերման ենթարկել։

«2-3 հոգի ոստիկանական համազգեստով եկան, մի քաղաքացու նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ էին գործադրում, փորձեցի սթափեցնել, բայց՝ ապարդյուն։ Այդ ընթացքում նրանցից մեկը սայթաքեց, ընկավ ինձ վրա, ես էլ ընկա ու հենց այդ պահին ասացին, որ ինձ բերման են ենթարկում։ Այդպես ես տեսա այդ գործընթացի հակառակ կողմը, քանի որ միշտ պաշտպանողի դերում եմ հանդես եկել»,- նշեց Վարդևանյանը։

Նա շեշտեց` ոստիկանական մեքենայի մեջ ծառայողներին զգուշացրել է, որ վերջիններս հանցանք են գործում, քանի որ պատգամավորին չի կարելի բերման ենթարկել, սակայն ոստիկաններն ի պատասխան ասել են. «Պարո՛ն Վարդևանյան, գիտենք, որ պատգամավոր եք, բայց հրաման ունենք։ Հետո իրենց հրամանատարը եկավ ու ինձ հանեցին մեքենայից, ասացին, որ ես բերման ենթարկված չեմ»,- ասաց Վարդևանյանը։