Foto

Հանրային պահանջ. ո՞վ առաջնորդի ընդդիմությանը

«Ինձ թվում է, որ ժամանակն է բոլոր ամբիցիաները դրվեն մի կողմ եւ Արման Թաթոյանին հայտարարեն ընդդիմության միասնական լիդեր»:  Սա գրառում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից: Մեկնաբանություններում այս կարծիքը կիսել են քաղաքագետներ, փաստաբաններ, հանրային գործիչներ: Նման տեսակետների համացանցում, ինչպես նաև լրատվականներում այսօր հաճախ կարելի է հանդիպել: Ձևավորվում է հանրային  պահանջ, որով Թաթոյանին կոչ են անում առաջնորդել ընդդիմադիր շարժումը:
Մինչ ՄԻՊ պաշտոնից հեռանալը, բոլորը կարծում էին, որ Արման Թաթոյանը հետագայում կուսակցություն կհիմնի և կզբաղվի քաղաքականությամբ, սակայն վերջինս ամեն հարմար առիթով հայտարարում էր, որ չի պատրաստվում գնալ այդ քայլին: Չնայած սրան՝ ՄԻՊ պաշտոնը թողնելու հետո Թաթոյանը նույն ջանասիրությամբ շարունակում է փաստահավաք գործունեությունը և հանրությանը տեղեկացնում է սպասվող վտանգների մասին: Հայաստանի և Արցախի բնակչության ճակատագրով և իրավունքների պաշտպանությամբ մտահոգ Թաթոյանն օրերս համաքաղաքացիներին հրավիրեց հանրային քննարկման, որտեղ կրկիկն հնչում էին մտքեր նրա քաղաքականություն մուտք գործելու, կարելի է ասել, պահանջով:

Իհարկե, հակառակ տեսանկյունից նայելով, որպես անհատ Թաթոյանը քաղաքականությամբ զբաղվելու խնդիր չունի: Նա ՄԻԵԴ-ում ունի  Ա կարգ, հրաշալի իրավաբան է, իր գործի վարպետը, տիրապետում է ՄԻԵԴ պաշտոնական լեզուների մեծ մասին և կարող է իր աշխատանքով ապահով ապրել: Ուստի, եթե մի օր նա գա քաղաքական  թիմ առաջնորդելու, դա պիտի անի միայն անսահման հայրենասիրությունից և անձնազոհությունից դրդված:

Երկրի բնակչության և այսօր փողոց փակողների համար սա պետականություն և հայրենիք ունենալու պահանջ է, սա վերքաղաքական է, որը պահանջում է քաղաքական օրակարգ: Հավանաբար Թաթոյանը դա զգում է։

Հեղինակ: Աննա Ավետիսյան