Foto

Ֆրանսիայի հրապարակում ժամը 18։00-ին նախատեսված է մեծ հանրահավաք. Սաղաթելյան

 Սայաթ-Նովա-Խանջյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիային մասնակցող ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց նաև, որ բերման ենթարկվածները հարյուր հիսունից ավելի են։

«Ամբողջ ներքին զորքերը, մարզերի ոստիկանությունը ոտքի են հանել։ Նիկոլ Փաշինյանից պատվեր են ստացել ու կատարում են` ինչ ասեմ։ Ամեն ինչ հրաշալի է, քիչ է մնացել։ Ամեն ինչ ավարտված է։ Նիկոլ չկա, առաջիկա ժամերին էլ վերջնական կփաստեն»,- ասաց Սաղաթելյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիանները Երևանի տարբեր հատվածներում։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։

Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։