Ֆրանսիայի հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում ընդդիմադիր գործիչներից Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին։
Նա դիմեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի խմբակցությանը։
«Դուք գերի եք մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի եք։ Ձեր մեծամասնությունն անմիջական առնչություն չունի նրա հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս՝ ձեր սխալն ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է՝ ուղղվելու, հասկանալու, գիտակցելու և լինելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու», - ասաց նա։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ ՔՊ խմբակցության պատգամավորները պետք է իրականում գիտակցեն իրավիճակն ու որոշում կայացնեն առաջիկա 1-2 օրվա ընթացքում։
Սաղաթելյանի հայտարարությանը պատասխանեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ։
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրել է. «Այս կրկեսը նույնիսկ քաղաքական մտքի ճգնաժամ չի կարելի անվանել: Ճգնաժամերը որոշակի դիմամիկա են ենթադրում՝ դրական կամ բացասական: Հայրենի ընդդիմության դեպքն այլ է: Ցավոք, գործ ունենք քաղաքական մտքի տոտալ բացակայության, քաղաքական մտքի անծայրածիր և անշրջելի թշվառության հետ: Տխուր է»:









