Foto

Փաշինյանի քմահաճույքով կարգավորվող «պրոտոկոլը»


Ցավով բոլորս ականատես եղանք, թե ինչպես նախօրեին դժբախտ դեպք տեղի ունեցավ Երևանի կենտրոնում։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ավտոմեքենաներից մեկը, ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ոստիկանության ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել երիտասարդ հղի կնոջ, ով հիվանդանոցում մահացել է։ Ըստ ականատեսների՝ ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում են նրան հասցրել հիվանդանոց, ցավոք բժիշկները չեն կարողացել փրկել նաև պտղին։

Առաջին հայացքից հասկանալի է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, որը կարող է տեղի ունենալ ցանկացած մեկի հետ։ Բայց, որպես կանոն, ինչպես պատահում է նման դեպքերում, քննարկման և քննության առարկա է դառնում ոչ միայն բուն միջադեպը, այլև դրան նախորդած ու հաջորդած հանգամանքները։ Տվյալ դեպքում առանցքային հարցն այն է, որ կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենան կանգ չի առել, մի քանի մեքենաներից բաղկացած շարասյան պետական աշխատակիցները չեն փորձել օգնել մահացող քաղաքացուն և անտեր թողել են ճանապարհին։

Ըստ էության, զուտ ֆորմալ, ինչպես նաև իրավական տեսանկյունից կարող են բերվել բազմաթիվ արդարացումներ, որոնց հորինմամբ, ըստ ամենայնի, հենց այս պահին զբաղված է ողջ իրավապահ համակարգը։ Չի բացառվում, որ հնարավոր է՝ հղում կատարեն արարողակարգի ինչ-որ կետի ինչ-որ ենթակետի, ըստ որի՝ որևէ պարագայում ավտոշարասյունը չպետք է կանգ առնի, և այլն: Բայց այդ հորինվածքն ավելի անմարդկային կդարձնի իրավիճակը, որի որևէ արդարացում, որևէ հիմնավորում չի կարող ընդունելի լինել բանականության համար։

Փաստը և դաժան իրականությունն այն է, որ Երևանի կենտրոնում տեղի է ունեցել մարդասպանություն, մարդասպանը հեռացել է՝ չօգնելով իր կողմից վրաերթի ենթարկված քաղաքացուն։ Ընդ որում՝ հարցը՝ չկանգնելու և չօգնելու որոշումը եղել է կոնկրետ ավտոմեքենայի վարորդի՞ որոշումը, թե՞ «ըստ արարողակարգի» կայացվել է վերադաս(ներ)ի կողմից, չափազանց կարևոր է։ Ըստ էության, չի բացառվում նաև, որ տվյալ դեպքում վրաերթի ենթարկած վարորդը գուցե ցանկացել է կանգնել և օգնություն ցույց տալ, բայց նրա վերադասն ուղղակի արգելել է կանգնել։

Բանն այն է, որ սա այս ողբերգական պատմության ամենաառանցքային դետալն է և, ի դեպ, բացառված չէ, որ հիմա նույն իրավապահ համակարգը լծված է նաև Փաշինյանի՝ ավտոշարասյան մեջ չլինելու «վարկածի» մշակմամբ։ Դա, իհարկե, ծիծաղելի վարկած կլինի, որովհետև Փաշինյանի բացակայությամբ ավտոշարասյունը չէր սլանա այդպիսի արագությամբ, և վրաերթի դեպքում էլ վստահաբար այն կատարած վարորդը կկանգներ ու օգնություն կցուցաբերեր։

Ասվածից կարող ենք եզրակացնել, որ մեծ է հավանականությունը, որ վրաերթի ենթարկված հղի կնոջն օգնություն չցուցաբերելու որոշումը կայացվել է Նիկոլի կողմից, ով, ի դեպ, խախտելով պաշտոնական արարողակարգի բոլոր կետերը, հաճույքով կանգնեցնում է ավտոշարասյունը, երբ իր համակիրներին է հանդիպում կամ, առավել ևս, երբ իր պատվին որևէ հյուրասիրություն է կազմակերպվում մայրուղիների վրա։

Ամփոփելով արձանագրենք, որ ընդամենը մեկ տարի առաջ գրեթե նույն վայրում՝ Պռոշյան փողոցում, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների, այդ թվում՝ կանանց ուղղությամբ ավտոմատի փողն ուղղած Նիկոլ Փաշինյանը՝ ոչ անձամբ, այլ մեկ տասնյակի հասնող պադավատների շքախմբի միջոցով, արդեն Երևանի կենտրոնում վրաերթի է ենթարկում քաղաքացու, մասնավորապես հղի կնոջ և լքում դեպքի վայրը։ Համբերություն երիտասարդ կնոջ հարազատներին և բարեկամներին։

Արմեն Հովասափյան