Foto

Ռուբլով գազի սակագնի վճարման «լեգենդը»

Ինչպես հայտնի է ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից կիրառվող համատարած պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը սկսել է հրաժարվել «անվստահելի» արժույթներից և ոչ բարեկամ երկրներից պահանջում է, որպեսզի մատակարարվող էներգակիրների դիմաց վճարեն ռուբլով։ Նշենք, որ ոչ բոլորը, բայց կան երկրներ, որոնք արդեն համաձայնել են։ Մի մասը դեռ դիմադրում է, ու առայժմ հայտնի չէ, թե դա ինչով կավարտվի։ Ռուսաստանի և Արևմուտքի այս դիմակայությանը թեև Հայաստանը մասնակից չէ և չի համարվում ոչ բարեկամ երկիր, այնուհանդերձ դատելով Վահան Քերոբյանի հայտարարությունից՝ մենք ևս սկսել ենք ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։

Ըստ էության, ՀՀ իշխանությունները վաղուց էին պայքարում գազի դիմաց ռուբլով վճարելու համար։ Առաջին հայացքից թվում է, թե վերջապես հասել ենք մեր ուզածին՝ դոլարի փոխարեն ռուբլով կվճարենք, բայց դա բոլորովին էլ այն չէ, ինչ ենթադրվում էր, քանի որ խնդիրը ոչ թե ռուբլով վճարելու, այլ գազի գնագոյացման արժույթի մեջ է։ Փաստն այն է, որ ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի գինը շարունակում է հաշվարկվել դոլարով, դրա գնագոյացումը կատարվում է դոլարով, ընդամենը վճարումն է իրականացվում դրան համարժեք ռուբլով (նախկինում ինչպես գնագոյացումը, այնպես էլ վճարումը դոլարով էր)։

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, թե այս ամենից ի՞նչ կարող է շահել Հայաստանը, քանի որ գազի դիմաց վճարվող դոլարը մնում է երկրում։

Տեղին է փաստել, որ Ռուսաստանից ներմուծվող գազը տարեկան տատանվում է 2-2,2 մլրդ խորանարդ մետրի սահմաններում։ Եթե հաշվի առնենք, որ հազար խորանարդի գինը 165 դոլար է, ևս 10 դոլար՝ կալորիականության գինն է, ապա կստացվի շուրջ 350-360 մլն դոլար։ Ասել է թե՝ ռուբլով վճարելու դեպքում այդքան տարադրամ կմնա Հայաստանում։ Դա, իհարկե, լավ է ֆինանսական շուկայի տարադրամային հագեցվածության համար։ Ըստ էության, նաև դրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում արժութային շուկայում արձանագրվում է դոլարի պահանջարկի անկում, ինչն էլ հանգեցրել է ամերիկյան արժույթի արժեզրկման։ Ըստ էության, հարց է՝ այդ դոլարը երկարաժամկետում մեզ պե՞տք է, թե՞ ոչ։

Գաղտնիք չէ, որ համաշխարհային տնտեսության մեջ տեղի է ունենում արժույթների վերաիմաստավորում, որն ուղեկցվում է դոլարի դիրքերի թուլացմամբ։ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների պայմաններում շատ երկրներ սկսել են նախապատվությունը տալ ազգային արժույթներով առևտրային հարաբերությունների ձևավորմանը։ Դոլարը, որը տասնյակ տարիներ եղել է տարբեր երկրների տնտեսությունների վրա ազդեցության կարևորագույն գործիք, կարծես կորցնում է համաշխարհային արժույթի իր երբեմնի փառքը և աստիճանաբար զիջում է դիրքերը։ Դատելով նրանից, որ ռուսական գազի վճարումները սկսել են կատարվել ռուբլով՝ Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացներից, ինչն էլ ներքին շուկայում իր ազդեցությունն է թողել դոլարի պահանջարկի վրա։

Ստացվում է, որ եթե նախկինում «Գազպրոմ Արմենիան» սպառողներից գումարները հավաքում էր դրամով, մի մասն օգտագործում ներքին կարիքների համար, իսկ մյուս մասը փոխարկում էր դոլարի և վճարում ներմուծվող գազի դիմաց, հիմա դոլարի փոխարեն՝ ռուբլի է գնում և ռուբլով է վճարում գազի դիմաց, բայց դոլարով արձանագրված գնին համարժեք չափով։ Գազամատակարար ընկերության համար ֆինանսական շահավետության առումով, սրանից, ըստ էության, էական տարբերություն չկա։ Այն ժամանակ դոլար էր գնում, որի հետևանքով որոշակի ֆինանսական կորուստներ էր ունենում, հիմա էլ ռուբլի է գնում, էլի ֆինանսական կորուստներ է ունենում՝ դրամը տարադրամի փոխարկելու հետևանքով։

Շատերս գիտենք, որ խոշոր սպառողների համար գազի սակագինը փոխկապակցված է դոլարի փոխարժեքի հետ։ Սակագինը հաշվարկվում է դոլարով, բայց վճարումը կատարվում է դրամով։ Ու երբ խոշոր սպառողը, որի հասույթները գոյանում են տարադրամով, պիտի վճարի օգտագործած գազի դիմաց, ստիպված է իր մոտ եղած տարադրամը փոխարկել դրամի և դրամով վճարել գազի գումարը։ Իր հերթին՝ գազամատակարար ընկերությունն այդ դրամը տանում, կրկին վերածում է տարադրամի, որպեսզի վճարի ներմուծված գազի դիմաց։ Ստացվում է անհասկանալի ու անտրամաբանական շղթա, որից շահում են բացառապես ֆինանսական շուկայի մասնակիցները։ Փոխարենը՝ դրա հետևանքով սակագները ծանրաբեռնվում են հարյուրավոր միլիոն դրամների հասնող չպատճառաբանված ծախսերով, որոնք առաջանում են դրամն այլ արժույթի փոխարկելու և ներմուծված գազի համար վճարելու ժամանակ։

Ասել է թե սա ոչնչով չհիմնավորված և անիմաստ ծախս է սակագների մեջ, բայց ՀԾԿՀ-ն տարիներ շարունակ առաջնորդվում է նույն սկզբունքով ու կարծես միտք էլ չունի գտնել տարբերակներ՝ սակագների վրա այդպիսի անիմաստ ծախսերի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։ Ասվածից կարող ենք ենթադրել, որ անկախ նրանից՝ ներմուծվող գազի դիմաց վճարումները կկատարվեն դոլարով, թե ռուբլով, այս խնդիրը կա և շարունակելու է լինել այնքան ժամանակ, քան դեռ չեն վերանայվել օգտագործված գազի դիմաց վճարման սխեմաները։

Արմեն Հովասափյան