«Որպես սփյուռքահայ ես ամբողջ կայնքս ապրել եմ մեր պատմական հողերից դուրս, չնայած վերջին տարիներին 100 անգամ եղել եմ Հայաստանում՝ տարբեր նախագծերով: Ինձ թվում է, որ կարևոր է մտապահել, որ ցանկացած որոշում խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, պետք է նաև հաշվետվողականություն ներառի 4 տարբեր զանգվածների հանդեպ»,-«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա միջոցառման ժամանակ ասաց նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Նրա խոսքով՝ հայերն արտառոց հանգամանքներում են գտնվում, երբ առաջին անգամ անցյալի ու ապագայի մասին երկխոսություն է ծավալվում մեր հարևանների հետ՝ երբեմն նաև էքզիստենցիալ սպառնալիքի ֆոնին:
«Չորս խմբերից մեկը մեր նախնիներն են, որոնք կորցրեցին իրենց կյանքը պատմական անարդարության բերումով: Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք՝ ի՞նչ կուզեին նրանք, որ մենք անեինք 2022 թվականին: Երկրորդ զանգվածը նորածին երեխաներն են, որոնք 20 տարի հետո ժառանգելու են այն երկիրը, որը մենք նրանց կթողնենք: Մենք պետք է մտածենք, թե իրենք ինչ կուզեին, որ մենք անեինք: Երրորդ զանգվածը ՀՀ-ում, Արցախում ապրող հայերն են, որոնց վրա անմիջականորեն ազդելու են այդ որոշումները, և չորրորդը սփյուռքահայերն են»,-հայտարարեց Աֆեյանը:
Ըստ Նուբար Աֆեյանի՝ ցանկացած որոշում, որը հարմար կլինի միայն զանգվածներից մեկի համար, կստեղծի հետագա դժվարություններ և պետք է հավասարակշռություն գտնել այդ 4 պատասխանատվությունների միջև:
«Բոլորս ենք ուզում տևական խաղաղություն ու կայունություն տարածաշրջանում, բայց դա պետք է անել սկզբունքայնության և հաշվետվողականության, այլ ոչ թե պահի թելադրանքով»,-ասաց Աֆեյանը։









