Foto

Լավ ենք զգում, ծածկի կարիք չունենք, դեռ կարողանում ենք այսպես շարունակել հացադուլը․ Նվեր Կիրակոսյան

Գիշերը լավ է անցել, մեր մարտական ընկերները հերթապահել են գիշերը, ու դա հնարավորություն է տվել ինձ ու Արթուրին գիշերը քնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազատության հրապարակում լրագրողներին ասաց արդեն երկրորդ օրը Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը։

«Մենք մեզ բավականին լավ ենք զգում, տրամադրվածություններս գերազանց է։ Մեզ ծածկով կամ վրանով ապահովելու համար երեկ զրուցել ենք ոստիկանների հետ իրենց նախաձեռնությամբ, սակայն այս պահին դրանց կարիքը չունենք, որովհետև այսպես դեռ կարողանում ենք շարունակել։ Որ պահից, որ չկարողանանք շարունակել, այդ հարցով կդիմենք ոստիկանությանը»,- ասաց նա։

Նվեր Կիրակոսյանը նշեց, որ երեկ իրենց մոտեցել են մեծաթիվ  երիտասարդներ, որոնց հետ քննարկել են, թե ինչպես են պատկերացնում երիտասարդների ներգրավածությունը իրենց ակցիային։ Ակնկալում են, որ այսօր երիտասարդները Ազատության հրապարակում հավաքվելու են այլ ֆորմատով։ Կիրակոսյանը հավելեց, որ այսօր ժամը 11․30-ին հանդես են գալու կոչով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։