Foto

Թուրքական օրակա՞րգ, թե՞ պարտադրանք

Տարեսկզբից իշխող քաղաքական ուժի կողմից առավել ակտիվացվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեզը, օրակարգ բերվեց դրա արդյունքում Հայաստանին սպասվող ենթադրյալ օգուտները։

Թեման նոր թափ հավաքեց նախորդ շաբաթ, երբ ԱԺ ամբիոնից, ներկայացվում էր կառավարության կատարողականը։ Այս ֆոնին հատկանշական է հետհայացք գցել կառավարության հնգամյա ծրագրում իշխող քաղաքական ուժի տեսլականին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և, այդ համատեքստում՝ նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերին։ Վերը նշվածի հետ կապված կառավարության ծրագրում նշվում էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, իսկ հաշվետվության մեջ խոսվում է «հրապարակային դրական հայտարարությունների» և բանակցությունների մեկնարկի մասին։

Ըստ էության, բանակցությունների մեկնարկի մասին խոսելիս չի կարելի մոռանալ, որ թուրքական կողմը պարբերաբար բարձրաձայնում է իր նախապայմանները, թեև պաշտոնական հանդիպումների ժամանակ դրանց մասին չի հիշատակվում։ Ընդ որում, Թուրքիայի նախապայմանների մեծամասնությունն արդեն իսկ իրականացված են. օրինակ, միջազգային ճանաչման հիշատակումը որպես գերակայություն՝ դուրս է եկել հայկական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Փաշինյանի բառապաշարից, իր հրապարակային ելույթներում վերջինս ընդամենը հղում է կատարում կառավարության ծրագրին՝ բառացի չմատնանշելով այդ գերակայությունը։

Կարևոր է նաև առանձնացնել այն տարակուսելի փաստը, որ թեև կառավարությունն արձանագրում է Թուրքիայի կողմից հրապարակային դրական հայտարարությունների առկայության մասին, սակայն Թուրքիան չի խորշում բանակցային մեկնարկային այս շրջանում պարբերաբար հրապարակային հայտարարություններ անել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ինչը «դրական» գնահատել, մեղմ ասած, հնարավոր չէ։

Եթե փորձենք զուգահեռ անցկացնել Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն» վարելու ժամանակահատվածի և ներկայիս գործընթացների միջև, ապա ցավով պետք է փաստենք, որ այս փուլում նախաձեռնողականությունը լիարժեքորեն պատկանում է թուրքական կողմին։ Հայկական պատվիրակներն առաջինն են այցելում Թուրքիա, և ոչ թե հակառակը, բոլոր նախաձեռնությունների մասին առաջինը հրապարակային տեղեկատվություն հայտնում է թուրքական կողմը։

Ծրագրի մյուս կարևոր դրույթը կապված է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ, որտեղ նշվում էր, որ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումն էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը, և միաժամանակ, որպես 2021 թվականի կարևոր ձեռքբերումներ, ներկայացվում են ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը, ճանաչումը Լատվիայի խորհրդարանի կողմից և հարցի քննարկումը Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատում։

Կարևոր է փաստել, որ կառավարության ծրագիրը հաստատվել է ավելի ուշ, քան 2021թ.-ի ապրիլի 24-ին Բայդենի հայտարարությունը, հետևաբար՝ այն չի կարող տեղավորվել նշված ծրագրում։ Բացի այդ, Բայդենի հայտարարությունն աշխարհաքաղաքական համատեքստ ուներ, ինչպես նաև հանդիսանում էր ԱՄՆ-ում հայկական լոբբիի ակտիվ աշխատանքի արդյունք, ուստի որևէ կերպ չի կարելի այն վերագրել կառավարության գործունեությանը։

Եթե անկեղծ, ապա հաշվի առնելով ԱՄՆ աշխարհաքաղաքական գերակայությունը մի շարք երկրներում՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո կարելի էր ակնկալել «ճանաչումների շքերթ», սակայն Բայդենի հայտարարությունից հետո միայն մեկ երկիր՝ Լատվիայի խորհրդարանն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և նախատեսվածին հակառակ՝ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում 2022թ.-ի մարտի 18-ին վերոհիշյալ օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի չի ունեցել։

Հարկավ կհամաձայնեք, որ այս ընդհանուր իրավիճակը հավանաբար այլ կլիներ, եթե այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունները ձեռնարկեին համարժեք քայլեր, ինչի ականատեսն անցնող տարիների ընթացքում մենք չենք լինում։ Ընդհանուր առմամբ, իշխանությունների ներկայիս չեզոք ու խուսափողական կեցվածքը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ, որոնք դրսևորում են՝ ինչպես դիվանագիտական դաշտում անգործությամբ, այնպես էլ՝ պարզապես Ցեղասպանության մասին հանրային ելույթներում հիշատակումներ չանելով, միայն վիժեցնում են գործընթացը, և ակնկալել միջազգային հանրության կողմից այլ արձագանքներ՝ պարզապես անմիտ է։

Արմեն Հովասափյան