Foto

«Լուսավորի» խաղերը

Օրվա իշխանություններն իշխանությունը երկրում վերջնականապես իրենց ենթարկելու և քաղաքական համակարգն ամբողջությամբ ամլացնելու նպատակով, որդեգրել են տարբեր շրջանականեր կազմաքանդելու և հնարավոր բոլոր ձևաչափերով կասկածելի գործարքների գնալու քաղաքականություն։ Որքան էլ զարմանալի թվա Փաշինյանն ու իր վարչախումբը փայլուն կերպով են կիրառում «բաժանիր, որ տիրես» հռոմեական հայտնի մարտավարությունը։

Օրերս ականատես եղանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանին  նշանակեց հատուկ նշանակության դեսպան։ Ավելին, Մարուքյանն իր հերթին սկսեց դիֆիրամբներ ձոնել Փաշինյանին ու նրա իշխանությանը՝ նշելով, որ պատրաստ է ծառայել ի բարօրություն պետությանը։ Մարուքյանին աջակցող մի շարք իրական և ֆեյք օգտատերեր սինխրոն սկսեցին տիրաժավորել տեղի ունեցածը։

Կայքի տեղեկություններով՝ այս նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել «Լուսավոր Հայաստանի» թիմում, ավելին, անգամ նախկին պատգամավորներ, որոնք բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են եղել Մարուքյանի հետ, ընդհանրապես տեղյակ չեն եղել այդ նշանակման մասին և լուրջ զարմանք են ապրել, երբ մամուլից են իմացել դրա մասին։ Մեր տեղեկություններով Մարուքյանն իր կուսակիցներին նախապես ոչինչ չի ասել, իսկ նշանակումից հետո ոչ մի կերպ չի մեկնաբանել։ Մենք տեղեկություն ունենք, որ «Լուսավոր Հայաստանի» մի քանի առանցքային դեմքեր ներկայումս կա՛մ դուրս են եկել կուսակցությունից, կա՛մ ուղղակի դադարեցրել են կուսակցության հետ շփումը։ Ասվածի վառ օրինակը նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի հայտնի գրառումն է, որտեղ նա բավական կոշտ գնահատական էր տվել տեղի ունեցածի վերաբերյալ։

Մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ առաջիկայում հնարավոր է «Լուսավոր Հայաստան» կուսակցության որոշ ներկայացուցիչներ նշանակվեն պետական այլ պաշտոնների, դրանց մասին, ըստ տարածված տեղեկատվության, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի ու Մարուքյանի միջև։