Աշխարհաքաղաքական վեկտորների ուկրաինական
ուղղվածությունը շարունակում է մնալ միջազգային գործընթացների հիմնական առանցքում,
այս առիթով հակասական տեղեկատվությունների պակաս, ըստ էության, չկա։ Միմյանց հերթ չտալով,
տարբեր հակադիր բևեռներ սեփական մոտեցումներն են ներկայացնում տեղի ունեցողի վերաբերյալ՝
բնականաբար առաջին հերթին սեփական օրակարգը տիրաժավորելով։
Գաղտնիք չէ, որ ներկայումս Ուկրաինան Արևումտքի
համար կատարում է բացառապես գործիքի դեր, և այն, ինչ այսօր տեղի է ունենում ուկրաինական
հողերում, շուրջ մեկ տասնամյակ ԱՄՆ-ի և կոլեկտիվ Արևմուտքի կողմից վարվող տոտալ քաղաքականության
արդյունքն է՝ միաբևեռ աշխարհակարգ
ստեղծելու համար։
Նախօրեին ՄՄՀՊԻ-ի (МГИМО) ուսանողների հետ
հանդիման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին,
բավական ուշագրավ մի դիտարկում արեց, որն առանձնանում էր և իր բնույթով հատկապես կարևոր
է մեր տարածաշրջանի հետագա ճակատագրի համար։ Իր խոսքում ՌԴ արտաքին գերատեսչության
ղեկավարը նշել է․ «Մենք առաջարկում էինք, որ ՄԱԿ-ը վերադառնա իր ակունքներին,
այսինքն այն իրական դերակատարմանը, որը գրված է այդ կառույցի կանոնադրության մեջ։ Խոսքն
առաջին հերթին պետությունների սուվերեն իրավահավասարության մասին է։ Սակայն ԱՄՆ-ն շատ
կտրուկ է այդ հարցում, ԱՄՆ-ն այս առումով ակնհայտորեն կիառում է ճնշումներ, շարունակաբար
սպառնալիքներ հնչեցնում, տարբեր պատժամիջոցներ կիրառում միայն այն բանի համար, որպեսզի
նրանք ՄԱԿ-ում քվեարկեն այնպես, ինչպես ցանկանում են իրենք։ Կարևոր է նաև վերադարձ
կատարել ազգերի ինքնորոշման իրավունքի առաջնայնությանը։ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր անընդհատ
հարց է դրվում՝ որն է կարևորը՝ տարածքային ամբողջականությո՞ւնը, ազգերի ինքնորոշման իրավո՞ւնքը, թե՞ սուվերենությունը։ Այդ առիթով համապատասխան
հանձնաժողովը 1970 թվականին փաստել է, որ բոլորը պետք է հարգեն այն պետության սուվերենությունը
և տարածքային ամբողջականությունը, որի կառավարությունը հարգում է ինքնորոշման իրավունքը
և ներկայցնում է այնտեղ ապրող ժողովրդի շահերը»։
Ստացվում է, որ Լավրովն առաջին անգամ խոսում
է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, այն համարելով միջազգային իրավունքի կարևորագույն
բաղադրիչներից մեկը, ըստ էության սա հենց այն թեզն է, որը Արցախի բանակցային գործընթացում
առաջ է տարվել վերջին 20 տարիների ընթացքում, և որը գրեթե հետին պլան մղվեց ազգակործան
խմբակի ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելուց հետո։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը
դարձյալ խուսափում են խոսել ազգերի ինքնորոշման առաջնայնության փաստի մասին և շարունկաբար
թելում են Բաքվից եկող ազդակների ասեղը։
ՌԴ արտգործնախարարն իր ասածը հիմնավորում
է այն դրույթներով, որ այն քաղաքականությունը, որը Դոնբասի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ
իրականացնում էր պաշտոնական Կիևը, չէր համապատասխանում ՄԱԿ-ի հռչակագրին, քանզի ոտնահարվում
էին այնտեղ ապրող էթնիկ ռուսների իրավունքները (արգելվում էր ռուսերեն լեզուն, փակվում
էին ռուսական դպրոցներ և այլն)։ Այս առումով, եթե թեման փորձենք տեղափոխել Արցախ, ապա
ունենում ենք նույն իրավիճակը։ Այնտեղ նույնպես, մինչև Արցախի անակախցումը, տարվում
էր ընդգծված հակահայկական քարոզ, արգելվում էին հայկական դպրոցներն ու հայկական ազգանունները։
Այսօրվա Ադրբեջանը նույնպես իր որդեգրած արմենոֆոբ քաղաքականությամբ ոչնչով չի զիջում
Սովետական Ադրբեջանին, ավելին, այդ փաստը ֆիքսվել է նույնիսկ ՄԻԵԴ-ի կողմից։
Ի դեպ՝ Լավրովի այս թեզի շեշտված ընդգծումը
կարևոր է նաև նրանով, որ նա այդ կերպ հուշում է, որ հարավկովկասյան տարածաշրջանում
ամեն ինչ չէ, որ վերջացած է, և չի բացառվում նոր գործընթացներ տեղի ունենան, որոնք
այդքան էլ չեն բխի Արևմուտքի շահերից։ Այսօր Արևմուտքին թվում է՝ քանի դեռ ուկրաինական
հարցով ՌԴ «գլուխը խառն է» կարող է իր դիրքերն ամրապնդել մեր տարածաշրջանում և համապատասխան
դիրքավորում ապահովել, սակայն Լավորվն իր խոսքով վկայեց հակառակի մասին։
Ամփոփելով՝ հավելեմ մի կարևոր դրույթ ևս․ նախ հիշենք, որ ազգերի
ինքնորոշման փաստի կարևորության մասին խոսում է Լավրովը, ով ոչ մի բան հենց այնպես
օդում չի հնչեցնում, այդ միտքը հնչեցվում է ապագա դիվանագետների ներկայաությամբ, և
ամենակարևորը, բոլորս գիտենք, որ պետական այրերի հետ հանդիպման գնացող ուսանողների
կազմը պատահական չի ընտրվում, իսկ հնչեցվող հարցերը, մեղմ ասած, ծագում են կոնկրետ
քաղաքական օրակարգից։
Այնպես որ՝ հետևությունները թողնում եմ Ձեզ․․․
Արմեն Հովասափյան









