Ինչպես հայտնի
է՝ օրերս Ադրբեջանում գործող ՄԱԿ-ի տարբեր կառույցների մի շարք ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի՝ Ադրբեջանի անդամակցության
30-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում այցելել և մասնակցել էին Շուշիում անցկացվող
մի միջոցառման։ Նման քայլով Ադրբեջանը հերթական անգամ դիվանագիտական ապտակ է հասցնում
և ստորացնում ՀՀ-ին և այնտեղ իշխող վարչախմբին։ Այս այցին հաջորդել էր ՀՀ ԱԳՆ արձագանքը,
որով մեր արտաքին գերատեսչության ղեկավարությունը դիմել էր ՄԱԿ-ին և իր դիրքորոշումն
ու բողոքը հայտնել կատարվածի հետ կապված։ Շեշտելով, որ ՄԱԿ-ն ուղղակիորեն մտնում է
ակնհայտ քաղաքական գործընթացի մեջ՝ խախտելով սոլիդության բոլոր սահմանները։ Համաձայնեք,
որ սա թուրք-ադրբեջանական տանդեմից խաղաղություն մուրող ՀՀ իշխանության գործելաոճի
արգասիքն է։
Ադրբեջանական
արտաքին գերատեսչության արձագանքը չուշացավ. «Ադրբեջանի ինքնիշխան
տարածքներում որևէ միջոցառման անցկացման և այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչների
մասնակցության հարցը ՀՀ իրավասության ներքո չէ»։ Ակնհայտ դաստիարակչական
բնույթի այդ դատողությանը հաջորդել է ավելի նվաստացուցիչ հատվածը. «ՀՀ շարունակական
տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ ցույց են տալիս, որ այս երկիրը ճիշտ հետևություններ
չի արել 44-օրյա պատերազմից»։ Հայտնի
է, որ նման մտքեր, և ոչ միայն, պարբերաբար հնչում է հենց Ալիևի կողմից՝ ակնհայտ սպառնալիքի
տեսքով։
Ցավալի է, բայց
փաստ, որ, ըստ էության, այսօր շահարկման և անհարկի տիրաժավորման առարկա է դարձել, այդ
թվում ՀՀ իշխանությունների կողմից, այն Շուշին, որ դեռևս 105 տարի առաջ
Հարավային Կովկասում հայության երկրորդ մշակութային կենտրոնն էր (Թիֆլիսից հետո): Ավելին,
ադրբեջանական իշխանությունների կողմից նախ հայտարարվում է «բուն ադրբեջանական տարածք»,
նաև հռչակվում է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»։
Ի դեպ՝ ԱԳՆ-ի
հայտարարության եզրափակիչ հատվածը կրկին դաստիարակչական բնույթի է, բայց սպառնալից
տոնայնությամբ. «Կցանկանայինք կրկնել, որ որքան շուտ Հայաստանն ընդունի տարածաշրջանում հետպատերազմական
շրջանի իրողությունները, այնքան ավելի օգտակար կլինի իր համար»: Կասկածից վեր
է, որ հիշյալ սպառնալիքը շատ արագ կգտնի իր հասցեատիրոջը: Եվ քանի որ խիստ վտանգավոր
է «մեկ այլ պետության ներքին գործերին միջամտելը», ինչպես ներկայացված է հայտարարության
մեջ, ապա Փաշինյանի խունտային մնում են հերթական նվաստացումը կուլ տալն ու լռելը: Ըստ
էության, Փաշինյանն իշխանություն չի զավթել և ատամներով ամեն գնով չորս
տարի պահել, որպեսզի ադրբեջանական սպառնալիքին
հաջորդող գործողությունների արդյունքում զրկվի դրանից, եթե բանի տեղ չդնի այն: Իսկ
սպառնալիքներին անսալն էլ կլինի հենց «անսասան կամքով խաղաղ դարաշրջան բացելու» երևույթի
տրամաբանական շղթայի մի մասը:
Համաձայնեք, որ
հակառակ դեպքում անտրամաբանական է, երբ Փաշինյանն ու իր վարչախումբը խաղաղություն է
մուրում ու միաժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպում՝ թեկուզ զուտ խոսքի մակարդակում:
Անտրամաբանական է, երբ Շուշին ադրբեջանաբնակ և «դժգույն ու դժբախտ» քաղաք են համարում
ու նույն այդ քաղաքի համար բողոքում:
Ստացվում է հակահայ
իշխանություններն ունեն հետևյալ ընտրությունը՝ կա՛մ պետք է փակեն
Շուշիի թեման ու գնան մինչև վերջ «խաղաղ դարաշրջան կառուցելու» ուղղությամբ, կա՛մ
պետք է չեղարկեն «խաղաղ դարաշրջանի մեկնարկն» ու նախապատրաստվեն դրա՝ սեփական
իշխանության համար վտանգավոր հետևանքներին: Հակառակ դեպքում ստացվում է համ թուրքի
հետ պարտվողական խաղաղության ձգտել, միաժամանակ ամեն գնով հայրենասիրական խաղեր տալ,
որն, իհարկե, անբնական է:
Արթուր Սարգսյան









