Foto

Տարածաշրջանում խաղաղություն գալիս է միայն մեր հաղթանակով․ Թևան Պողոսյան

Արցախում կրկին գազ չկա։ Թշնամին նոր պահանջներ ունի, իսկ ՀՀ և ԱՀ իշխանությունները հրավիրում  են միջազգային հանրության ուշադրությունը։ Vesti.am-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանն ընդգծում է՝ պատմությունն ապացուցել է, որ թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում։

-          Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ  խնդիր է ուզում լուծել Ադրբեջանի ղեկավարությունն այս անգամ։ Ակնարկում էին, որ պահանջում են հայկական զորքերը Արցախից դուրս բերել։

-          Ադրբեջանը մեկ գլոբալ խնդիր ունի՝ վերացնել հայությանը և հայկական երկու պետականությունը տարածաշրջանից։ Ձեր գազը, որ մեկը թշնամաբար կտրի, ի՞նչ նպատակ է ունենալու։ 1920թ-ին՝ 102 տարի առաջ, Շուշիում 20 հազար հայ ինչի՞ համար է մորթել Ադրբեջանը, 1988թ-ին ո՞վ է  Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հայերին սպանել։ Նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ 44 օրյա պատերազմի ժամանակ իր տարբեր հարցազրույցներում նշում էր, որ Ադրբեջանը չունի ախորժակի հագեցում՝ մի բանի, եթե համաձայնվում էինք, ասում էր՝ չէ, ավելին եմ ուզում։ Իր ասած խոսքերն է։ Հիմա ադրբեջանցիներն ինչո՞վ են փոխվել։ Ի՞նչ տարբերություն՝ այսօր դա է ուզելու, վաղն էլ այլ բան է ուզելու։ Հասկանալի չէ՞, որ Ադրբեջանը միայն ուժի լեզուն է հասկանում։ Ադրբեջանը մեզ համարում է թշնամի, չգիտեմ ինչո՞ւ են հայկական կողմի գլխավոր բանակցողները օգտագործում հակառակուրդ բառը՝ սպորտ են խաղո՞ւմ։

-          Այս խնդիրները եռահողմ հայտարարությամբ կարգավորվա՞ծ չեն։

-          Հիշում եք՝ ասում էին, որ հայկական կողմը նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունները կատարել է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Մասնավորապես մեր ռազմագերիներին չի հանձնում։ Ինչպե՞ս ստացվեց, որ 1 տարի 4 ամիս հետո Ադրբեջանը վեր է հիշել, որ ինչ-որ կետ կա, որ չի կատարվել։ Կարո՞ղ է հայկական կողմը բացատրել, թե այդ ի՞նչ կետ է, ի՞նչ ձևակերպում է, որ նոր է ի հայտ եկել։ Ինչո՞ւ մենք դրա մասին չենք իմացել կես տարի առաջ։ Նկատենք, որ Ադրբեջանը մայիսի 12-ից ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, իսկ մերոնք ձեն չեն հանում։ Ինչո՞ւ մայիսի 12-ին, նոյեմբերի 16-ին չի պահանջել, հիմա այսօր հանկարծ հիշել է, որ այնտեղ հայկական զորք կա։ Ո՞նց են դա պայմանվորվել։ Այնտեղ կա Արցախի բանակը՝ եթե հայկական ենք ասում՝ հասկանալի է, բայց Հայաստանի Հանրապետությա՞ն, կներեք, այնտեղ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն է։ Հիմա ո՞նց ստացվեց, որ Ալիևն այդ է պահանջ դրել։ ՀՀ-ն ի՞նչ է անում։ Գուցե մեզ ազնիվ ասեին, որ  կետեր կա, որ չենք արել՝ դրա համար մեր տղերքին չեն տալիս։ Ամեն օր նոր բացահայտումներ են լինում։

-          Արտաքին քաղաքական ի՞նչ սխալներ ենք արել և անում, որի արդյունքը սա է։

-          Ցանկացած արտաքին քաղաքականություն ներքինի շարունակությունն է։ Եթե ներքինը սխալ ենք անում, ո՞նց կարող ենք արտաքինը ճիշտ անել։ Եթե ներքին քաղաքականությունը սխալ է և չի տանում դեպի Հայաստանի շահերի սպասարկում, արտաքինը ո՞նց կարող է լավը լինելը։

-          Այս իրավիճակում ի՞նչ ունի անելու Արցախի իշխանությունը։

-          Արցախի խնդիրը համազգային ծրագրեր նախաձեռնելն է։ Առաջինը՝ ամեն ինչ անել, որպիսի վերականգնվի հայ ազգի էմպաթիան դեպի Արցախ և երկրորդը՝ օրինակ 2030 թվականը հռչակել Արցախի հանրապետությունում 200 հազար հայ բնակեցնելու տարի։ Էմպաթիան վերականգնելուց հետո՝ մնացած խնդիրներն էլ կսկսվեն լուծվել։

-          «Խաղաղության դարաշրջանի» հույսեր կարո՞ղ ենք ունենալ։

-          Միակողմանի խաղաղություն ո՞նց է լինում։  Մյուս կողմն էլ պետք է ցանկանա այդ խաղաղությունը։ Թշնամին, ինչ ներխուժել է այս տարածաշրջան, մի  բան է ապացուցել՝ խաղաղությունը գալիս է միայն մեր հաղթանակով։

Հեղինակ: Աննա Ավետիսյան