Կառավարության նիստն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է Արցախում տիրող իրավիճակի գնահատմամբ: Նա հիշեցրել է, որ արդեն 3 օր է՝ Արցախի Հանրապետությունում բնակիչները զրկված են բնական գազի մատակարարումից, որը տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում:
Մարտի 7-ին Ադրբեջանի վերահսկողության տարածքում գտնվող գազատարը պայթեցվել էր, որի նորոգումը հայկական կողմի միջամտությամբ տարբեր պատճառաբանություններով Ադբեջանն արգելում էր: Արդյունքում գազամատակարարունը վերականգնվել է միայն 4 օրով, արձանագրել է Նիկոլ Փաշինյանը: Եվ ըստ հայկական կողմի տեղեկությունների՝ գազատարի վրա ադրբեջանական կողմը փական է դրել:
Տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու Հայաստանի որդեգրած քաղաքականությունն այլընտրանք չունի, նշել է վարչապետը:
«Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության մեր օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը, տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդ եւ այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, և մենք որեւէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։









