ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մարտի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները բարձրաձայնել են հողամասերի ընդլայնման խնդիրը:
Առաջարկվում է վերացնել օրենսգրքի՝ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքին առնչվող սահմանափակումը, որը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար: Ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելն անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որևէ շինություն, իսկ հողամասի ընդլայնման նպատակով հողամաս կարող է տրամադրվել միայն մեկ անգամ:
Նախագծով առաջարկվում է հանել նշված երկու սահմանափակումները, քանի որ դրանք արհեստական խոչընդոտ են ստեղծում կառուցապատողների համար: Վերջիններս հաճախ ստիպված են լինում որևէ շինություն կառուցել հողամասի վրա՝ կատարելով ձևական պահանջը:
Վահան Քերոբյանի համոզմամբ՝ նախագծի ընդունումը կնպաստի կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտների նվազեցմանը և գործարար միջավայրի բարելավմանը:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը:









