Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է քաղաքապետ Դանիել Լուրիի հետ։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սան Ֆրանցիսկոյի միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ անդրադառնալով մասնավորապես տնտեսական և բարձր տեխնոլոգիական ոլորտներին։
Դեսպանը քաղաքապետին առաջարկել է դիտարկել Երևան-Սան Ֆրանցիսկո քույր քաղաքներ նախաձեռնության հնարավորությունը, ինչպես նաև «Թումո» կենտրոնի բացման գաղափարը Սան Ֆրանցիսկոյում՝ որպես հեռանկարային կրթական նախաձեռնություն։
Քննարկվել են նաև համագործակցության ձևաչափերը Սան Ֆրանցիսկոյի Գործարար խորհրդի հետ, ներառյալ հայկական և տեղական բիզնես համայնքների կապերի ընդլայնումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև NVIDIA-ի փոխնախագահ Ռեվ Լիբարիդյանը, Firebird AI ընկերության համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը, ինչպես նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։









