«Մենք պետք է սովոր լինենք նաև գազատարը փակ վիճակում ապրել, որպեսզի
Ադրբեջանը դա չդարձնի Հայաստանի վրա ճնշումների գործիք»,- 1in.am–ի հետ զրույցում
ասել է ԱԺ պաշտպանության և
անվտանգության
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և որպես լուծում առաջարկել
է միակամ լինել այս հարցի շուրջ։ Իր ոչ այնքան
դրական վարքով աչքի ընկնող պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը զուգահեռներ է անցկացրել
գերիների հարցի հետ և ասել․ «Երբ գերիների հարցը շահարկվում էր, և դրանով անմիջապես ներքին
լարվածության միջավայր էր ստեղծվում ընդդիմության կողմից, անընդհատ իրենք գերիների
լարվածությունը բերում, փոխանցում էին ներքաղաքական մեր կյանք։ Երբ որ այդ խնդիրը,
ի պատիվ նաև գերիների հարազատների, նրանք սառեցրին այդ շահարկումները, սկսվեցին նաև
գերիների հանձնման պրոցեսները՝ օգտագործելով արդեն խաղաղարար երկխոսության գործիքները։
Եվ դա դարձավ իրականություն։ Ըստ էության, դա պետք է լինի շարունակական, և որպեսզի
Ադրբեջանը դա չդարձնի Հայաստանի վրա ճնշումների գործիք՝ գազատարը փակելը, բացելը, մենք
պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում նաև ապրել» ։
Գուցե պարոն Քոչարյանին սխալ
են զեկուցել կամ ինքը լավ չի հիշում, որ գերիների հարցը լուծված չէ, այս պահին էլ Բավքի
բանտերում բազմաթիվ գերիներ կան և նրանց մեծ մասը դատապարտվել են 20 և ավելի տարի ազատազրկման։ Սրան
զուգահեռ գոյություն ունի Եռակողմ հայտարարությունը,
ըստ որի թշնամական երկրի բռնապետը պետք է բոլորը բոլորի դիմաց սկզբունքով հետ վերադարձներ
գերիներին։
Իսկ ինչ վերաբերում է առանց գազի
ապրելուն, կարելի է սկսել սեփական օրինակից և եթե այս մեկին էլ հարմարվելը պաշտոնյան
իրատեսական է համարում, կարող է իրենց տան գազը ևս անջատել և ամօրյա ռեժիմով արցախցիներին
ցույց տալ, թե ինչպես է հնարավոր առանց ջեռուցման, առանց տաք ջրի ապրել և հոգալ հիգենիկ
ամենատարրական կանոնները։
Իսկ իրականում՝ չի կարող խորհրդարանական երկիր Հայաստանի, որը դեռ, ըստ Անկախության հռչակագրի, հանդիասնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, ԱԺ պաշտպանության և անվանգության հարցերի մշտական հանձնաժողվի նախագահը, հումանիտար աղետի վերաբերյալ նման արտահայտություն անել։ Քոչարյան Անդրանիկն առնվազն այդ եթերը պիտի օգտագործեր թշնամուն սթափության կոչ անելու և հստակեցնելու, թե ի՞նչ կանի հայկական կողմը, եթե առաջիկա ժամերին գազատարի աշխատանքը չվերականգնվի։ Սա, պարո՛ն Քոչարյան, խաղաղություն մուրալն է, անարժանապատիվ խաղաղությունն է։ Սա նույն իրավաիճակն է, երբ ընտանիքում կնոջն ամեն օր ծեծում են, ստորացնում, իսկ ինքն ասում է, որ ընտանիք ունի և շարունակում է լռել։ Գիտե՛ք, երբևէ, որևէ դեպքում դեռ այդ ծեծն ու ստորացումները ընտանիքում չեն դադարում միչև այն պահը, երբ կինը դադարում է հանդուրժել։ Ի վերջո է միչև ե՞րբ է ՀՀ-ն դադարելու հանդուրժել, ե՞րբ է հիշելու երբեմնի արժանապավություն ունենալու մասին։
Անդրանիկ Քոչարյանը նաև ասել
է, որ գազատարը պայթեցնելը նորույթ չէ և հիշեցրել է, որ այդպես է եղել նաև 90-ականներին․ «Մի մոռացեք,
որ 90-ականներին գազատարը պայթեցվում էր Վրաստանի տարածքում գրեթե շաբաթը երեք անգամ։
Վերանորոգում էինք, հետո էլի էին պայթեցնում, հետո ինչ–որ գործողություններ իրականացրեց
հայկական կողմը, հետո հասկացան, որ գազատար պայթեցնելը որևէ հեռանկար չի ապահովում»։
Ինչո՞ւ պարոն Քոչարյանը չի հստակեցնում, թե ինչ գործողությունից հետո թշնամիներն այլևս
դադարեցրին գազատարը պայթեցնել։ Պարո՛ն Քոչարյան, այդ ժամանակ էլ առաջ եկավ չհանդուրժելու
և ուժով խնդիր կարգավորելու պատրաստակամությունը։









