Թերևս բացահայտում արած չենք լինի,
եթե նշենք, որ վերջին մեկուկես տարում ամենօրյա ռեժիմով հնչում է նույն հարցը. ինչո՞վ
է պայմանավորված ՀՀ իշխանության և հատկապես Նիկոլ Փաշինյանի այս աստիճան խաղաղասիրությունը:
Այդ հարցը տրվում է հիմնականում այն կոնտեքստում, որ հնարավոր չէ խաղաղության դարաշրջան
բացել այն պայմաններում, երբ Ադրբեջանը ոչ միայն հակված չէ խաղաղության, այլև ակտիվորեն
պատրաստվում է պատերազմի: Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հայկական մնացած հատվածի
դեմ դրսևորվող ագրեսիային ՀՀ իշխանությունն ունի մեկ պատասխան. «մենք չենք շեղվելու խաղաղության օրակարգից»:
Այնպիսի տպավորություն
է ստեղծվում, թե Փաշինյանը
և նրա իշխանությունը կտրված են
իրականությունից և չեն տիրապետում իրավիճակին, բայց
դա այնքան էլ այդպես չէ: Փաշինյանը շատ փայլուն
հասկանում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և շատ լավ հասկանում է, որ Հայաստանը
պատրաստ չէ դիմակայել այդ ագրեսիային: Ավելին, Հայաստանը չի էլ պատրաստվում դրան: Փաշինյանը շարունակում է ապրել և գործել «ինչ էլ լինի, մենք մեզ
երբեք պարտված չենք ճանաչի» սկզբունքով: Այս գործելաոճը կործանարար է երկրի
համար, բայց դրան հակառակ գործելն էլ կործանարար կլիներ Փաշինյանի և նրա իշխանության համար: Վաղուց բոլորիս համար պարզ
է, որ «երկի՞րը, թե՞ իշխանությունը» երկընտրանքի
պայմաններում Փաշինյանը վաղուց ընտրությունը կատարել է հօգուտ իշխանությունն ամեն գնով
պահելու տարբերակի: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ կապ կա իշխանությունը պահելու
և երկիրն անպաշտպան
թողնելու միջև,
կամ՝ ինչո՞ւ հնարավոր չէ երկիրը պաշտպանելով` պահել իշխանությունը:
Ըստ էության, խաղաղասիրության օրակարգից հրաժարվելու
այլընտրանքը երկիրն ակտիվորեն ինքնապաշտպանության կամ, եթե կուզեք` ապագա պատերազմին
պատրաստելն է: Դա պետք է արվի հրապարակայնորեն և
բացահայտ, քանի որ դրա համար անհրաժեշտ է երկրի և հասարակության ռեսուրսների համախմբում,
պետք է հանրային կոնսենսուս: Բայց հենց Փաշինյանը հայտարարի, որ Հայաստանը պետք է պատրաստվի
նոր պատերազմի, առաջին պլան կգա նրա և նրա
իշխանության հրատապ հեռացման հարցը: Հայաստանը չի կարող պատրաստվել նոր պատերազմի և հույս ունենալ, որ կհաջողի այդ
պատերազմում՝ Փաշինյանի իշխանության պայմաններում: Փաշինյանը մի անգամ արդեն ապացուցել
է, որ ընդունակ չէ կազմակերպել երկրի պաշտպանությունը, քանի որ ինքն ու իր իշխանությունը
տապալել են Հայաստանի և Արցախի ինքնապաշտպանությունը: Փաստ է այն, որ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը
պարտության և կապիտուլյացիայի
սիմվոլն է, և այդ սիմվոլի
գլխավորությամբ երկիրը չի կարող պատրաստվել հաջող պաշտպանության:
Ինչպես հայտնի է Փաշինյանի իշխանությունը հենված է հասարակության
այն հատվածի վրա, ովքեր նրան ձայն են տվել հենց հանուն խաղաղության հաստատման: Դրանք
այն մարդիկ են, որոնց չեն հուզում ո՛չ Արցախի ճակատագիրը, ո՛չ Հայաստանի տարածքային
կորուստները, ո՛չ էլ անգամ Հայաստանի` որպես պետականության նվաստացումը: Նրանք ոչ այնքան
խաղաղություն են ուզում, որքան որ պատրաստ չեն պատերազմի, պատրաստ չեն մասնակցել երկրի
պաշտպանությանը: Նրանց կարգախոսը կարող է լինել «խաղաղություն ցանկացած գնով»:
Հայտնի ճշմարտություն
է, որ Փաշինյանի իշխանությունն իր էությամբ պոպուլիստական է, իսկ որևէ պոպուլիստական
իշխանություն ի վիճակի չէ պատրաստվել ինքնապաշտպանության: Պատերազմի պատրաստվելը ենթադրում
է ռազմական բյուջեի էական մեծացում՝ ի հաշիվ այլ ծախսերի: Մինչդեռ պոպուլիստական իշխանությունը
սիրում է հանրային տեսարաններ, ասենք` ամեն քաղաքում մեկ-երկու փողոցի ասֆալտապատման
տեսքով, որն ի ցույց կդնի իշխանության «լավ» աշխատանքը: Պատերազմի պատրաստվելը ենթադրում
է ազգային տնտեսության զարգացում, այդ թվում՝ արդյունաբերության և գյուղատնտեսության
ոլորտում: Մինչդեռ Փաշինյանի իշխանության տնտեսական հենարանը, ինչպես հայտնի է բոլորիս,
վիճակախաղերն ու առևտրի կենտրոններն են:
Արթուր Սարգսյան









