Վերջին մեկ ամսվա ընթացքում աշխարհաքաղաքական
բոլոր վեկտորները տանում են դեպի Ուկրաինա։ Ըստ էության, ուկրաինական ճգնաժամում
աշխարհաքաղաքական կենտրոնների և հատկապես Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ուժային հավասարակշռությունների
հնարավոր փոփոխման ֆոնին ուշագրավ է հետևել՝ ինչպես եվրասիական գոտու, դրան մոտ գտնվող
բոլոր երկրների վերադիրքավորումներին, այնպես էլ՝ հատկապես բուն հարավկովկասյան երկրների
արտաքին քաղաքական «շարժումներին»:
Երկրորդ կարծիք լինել
չի կարող, որ դրանք ներկայումս պայմանավորված են Ուկրաինայում ռազմական իրավիճակի և
Ռուսաստանի, այսպես կոչված, ռազմական օպերացիայի ընթացքի գնահատականով: Այս փուլում
բոլոր հեղինակավոր վերլուծաբանները գտնում են, որ ռազմադաշտում Ռուսաստանը
չի հասնում իր նպատակներին այնպես, ինչպես ծրագրել էր այս պատերազմական «օպերացիան»
սկսելիս, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակների տապալման
և հետևաբար՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում հետսովետական տարածքում ՌԴ դերակատարության
էական նվազեցման: Այնուամենայնիվ, սա իրավիճակային գնահատական է և նոր աշխարհակարգում
ՌԴ դերն ավելի հստակ կուրվագծվի ուկրաինական ելքից հետո:
Հատկապես կարևոր է արձանագրել,
որ ուկրաինական ճակատում տեղի ունեցողի զարգացումների ֆոնին՝ Հայաստանի համար հետաքրքրական
է հետևել՝ հատկապես Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական որոշումներին:
Պակաս ուշագրավ չեն նաև Ռուսաստանի ուկրաինական «զբաղվածության» ընթացքում ՀՀ իշխանությունների
արտաքին քաղաքական շփումները:
Փաստենք, որ, լինելով ՌԴ ռազմավարական
դաշնակիցը և հետսովետական տարածքում ՌԴ-ից ամենամեծ կախվածություն ունեցող երկրներից
մեկը, ՀՀ իշխանություններն ուկրաինական պատերազմում չեն աջակցում կողմերից
և ոչ մեկին՝ դրսևորելով ընդգծված չեզոք դիրքորոշում: Փաստ է նաև այն, որ Հայաստանից
առանձնապես չկան նաև բարձրաստիճան հեռախոսազանգեր դեպի Ռուսաստան, ինչը ևս համարվում
է որոշակի վերաբերմունքի դրսևորում: Ի տարբերություն ռուսական ուղղությամբ ՀՀ իշխանությունների
այս փուլի սառնությանը, Նիկոլ Փաշինյանը գերակտիվ շփումների մեջ է ՀՀ արևմտյան գործընկերների
հետ:
Չնայած Ռուսաստանում որոշ
շրջանակներ ակնկալում են Հայաստանից դաշնակցային լոյալության ցուցադրություններ, Փաշինյանն
ուկրաինական պատերազմի ընթացքում հասցրել է շփումներ ունենալ Էմանուել Մակրոնի, Եվրոպական
խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար
Էնթոնի Բլինքենի հետ (ի դեպ հավելենք, որ այս օրերին կայացել էր նաև Բայդեն-Էրդողան
հեռախոսազրույց, որի ընթացքում ամերիկյան կողմը շնորհակալություն էր հայտնել Թուրքիային
ուկրաինական հակամարտության կարգավորման փորձերի համար): Փաշինյանը շփումներ է ունեցել
նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Հվ. Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի
հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար,
դեսպան Անդրեա Վիկտորինի հետ (նկատենք, որ ՀՀ կառավարության շենքում, և հատկապես Փաշինյանի
ընդունարանում ամենաշատը հյուրընկալվող դեսպանն Անդրեա Վիկտորինն է):
Ընդհանուր այս գործընթացների
ֆոնին կարևոր հանգամանք է նաև այն, որ հենց այս ընթացքում սրվեց ռազմական իրավիճակը
Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին՝ առարկայացնելով Երևանի
և Բաքվի «խոսակցությունը», այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցություններ
սկսելու հարցի շուրջ, որի նպատակով էլ ՀՀ-ն, չգիտես՝ ինչու, դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Այս փուլի ռազմական սրացման հետևանքով, ըստ էության, Արցախի բնակչությունը, արդեն մեկ
շաբաթից ավելի է, հումանիտար աղետի շեմին է, քանի որ զրկված է բնական գազից, ռուս խաղաղապահ
կոնտինգենտը տեղյակ է, ըստ որոշ տեղեկությունների՝ ռուսական կողմը վարում է բանակցություններ,
սակայն ապարդյուն:
Արթուր Սարգսյան









