Foto

Ես մնում եմ Կիևում։ Բանկովայում։ Առանց թաքնվելու. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 7-ի երեկոյան տեսաուղերձ է տեսագրել, որում ցույց է տվել, որ գտնվում է Կիևում՝ նախագահի նստավայրում։


«Ես մնում եմ Կիևում։ Բանկովայում։ Առանց թաքնվելու։ Եվ ես ոչ մեկից չեմ վախենում։ Կմնամ այնքան, որքան որ անհրաժեշտ է այս պատերազմում հաղթելու համար»,– ասել է նա։


Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի տարածքում թշնամուց հետք չի մնա, և որ իրենք կվերակառուցեն քաղաքները, «և դրանք ավելի լավը կլինեն, քան Ռուսաստանի ցանկացած քաղաք»։


Բացի այդ, Զելենսկին յուրաքանչյուր ուկրաինացու, որը դուրս է գալիս ռուսական զորքերի դեմ, «հերոս» է անվանել.


Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։


Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:


Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։