Foto

Արհեստական բանականության ոլորտում ունենք հաջողության հասած մի շարք հայկական կազմակերպություններ, իսկ պետական սեկտրում փորձեր են կատարվում այդ ուղղությամբ․ Քրմոյան

Հայաստնում «Թվային Հայաստան» կազմակերպությունն իրականացրեց «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստնում։ Կրթությունն առանցքում» խորագրով համաժողով,որի ներկա էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանի հետ։

Պարոո՛ն Քրմոյան, ի՞նչ հեռանկարներ ունի ՀՀ-ում արհեստական բանականությունը։

      Նախ հասկանանք, ինչ է Արհեստական Բանականությունը։ Ես նախընտրում եմ այն սահմանումը, որ արհեստական բանականությունը համակարգչային տեխնոլոգիա է, որն ունակ է լուծելու սովորաբար մարդկային բանականություն և կարողություններ պահանջող խնդիրներ: Տարբեր հետազոտողների կարծիքով արհեստական բանականությունը 21-րդ դարի ամենակարևոր տեխնոլոգիաներից է, որը  արդեն իսկ փոխակերպում է համաշխարհային քաղաքական ու տնտեսական կառուցակարգերը և շուտով ամբողջովին փոխելու է աշխարհակարգը և մարդկային ապրելակերպը:

Ուզում եմ հատուկ նշել, որ զարգացած ու նույնիսկ զարգացող երկրները մրցավազք են սկսել Արհեստական բանականության ոլորտում առաջանցիկ դիրք զբաղեցնելու համար՝ մեծածավալ ներդրումների ու թիրախավորված քաղաքականությունների միջոցով ձգտելով իրենց քաղաքացիներին, արդյունաբերությունը և ինստիտուտներին զինել ԱԲ դարաշրջանի համար անհրաժեշտ կարողություններով, գիտելիքով ու գործիքակազմով:

Վստահ եմ, որ այն երկրները, որոնք արագ կկողմնորոշվեն ու հեռանկարային ներդրումների միջոցով առավելագույնը կանեն արհեստական բանականության տեխնոլոգիաները ներդնելու և  զարգացնելու համար, առաջատար դիրք կունենան նոր ձևավորվող աշխարհակարգում:

  Թեպետ արհեստական բանականության ոլորտում  ԱՄՆ-ն դեռևս առաջատարն է, ակնկալվում է, որ ՝ Չինաստանը մինչև 2030թ. կդառնա արհեստական բանականության հիմնարար ու կիրառական հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնն աշխարհում: Ինչ վերաբերում է մեր նման փոքր երկրներին, կարելի է փաստել, որ աշխարհում ունենք լավ օրինակներ, երբ մեր տիպի երկրները արհեստական բանականության ոլորտում գրանցում են նշանակալի հաջողություններ։ Դրանք են  Հարավային Կորեան, Սինգապուրը, Իռլանդիան, Ֆինլանդիան, Իսրայելը` նույնպես զգալի ձեռքբերումներ ունեն: Կարծում եմ, ոչ կարճաժամկետ, բայց երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարող է արհեստական բանականության առումով նշանակալի հաջողություններ գրանցել։ Սակայն դա հնարավոր է միայն շատ կարճ ժամկետներում ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման, ոլորտի նկատմամբ պետական աջակցության և ներդրումների առկայության պարագայում։ Առաջաին հերթին խոսքը գնում է գիտակրթական ոլորտում ներդրումների և թիրախավորված քաղաքականության մասին։

 

Երեկ  «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստնում։ Կրթությունն առանցքում» խորագրով համաժողով էիք կազմակերպել։ Ո՞րն էր համաժողովի նպատակը։

     Համաժողովի հիմնական նպատակը  կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների,  նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն էր։ Մենք ուզում էինք մեկ տեղում հավաքել պետական կառավարման համակարգի մարմինների, կրթական ու գիտական հաստատությունների, ՏՏ ընկերություններին և ոլորտի առաջատար մասնագետներին, բաց քննարկել ոլորտի զարգացման ուղղություները և հեռանկարները,խնդիրներն ու մարտահրավերները։ Համաժողովի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետների ձայնը լսելի դարձավ պետական մարմինների ներկայացուցիչների համար, վեր հանվեցին խնդիրներ, որոնց լուծման համար պետք է ձևավորվի համագործակցության կայուն շրջանակ։

        Համաժողովի արդյունքում մենք ակնկալվում ենք համատեղել Պետական մարմինների, դոնոր համայնքի, ՏՏ ընկերությունների, ինչպես նաև ակադեմիական շրջանակի ներուժը և ձևավորել համատեղ օրակարգ։

 

Համաժողովին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարները։ Ինչպիսի՞ համագործակցուն է ընթանում։

Նախ մեր նպատակն էր, որ պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչրները, կառավարության անդամները լսեն և արձանագրեն ոլորտի առաջատար մասնագետների, կրթական հաստատությունների առաջարկությունները արհեստական բանականության ոլորտի զարգացման, խնդիրների և առաջարկվող կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերի վերաբերյալ։ Համագործակցությունն, իհարկե, առկա է, բայց մենք ակնկալում ենք, որ Արհեստական բանականության ոլորտում այս համագործակցությունը կունենա կոնկրետ արդյունքներ։ Անհրաժեշտ է սեղմ ժամկետներում մշակել այս ոլորտի զարգացման տեսլական և ռազմավարական փաստաթղթեր, կազմակերպել դրանց քննարկումն ու համապատասխան ռազմավարական ծրագրերի իրագործումը։ Աշխարհում տեխնոլոգիական ոլորտում մրցավազք է սկսվել և  մենք պետք է առաջանցիկ, գործուն քայլերով զարգացնենք արհեստական ոլորտում մեր կարողությունները։

 

Արդեն գրանցված արդյունքներ կա՞ն։

Գրանցված արդյունքն այն է, որ արհեստական բանականության ոլորտում ունենք հաջողության հասած մի շարք հայկական կազմակերպություններ, իսկ պետական սեկտրում փորձեր են կատարվում այդ ուղղությամբ և փորձարարական ծրագրեր են նախաձեռնվում և իրականացվում։

Համաժողովի ընթացքում առնվազն մենք համատեող ջանքերով վեր հանեցինք առկա խնդիրներ ու լուծումները, որոնք կօգնեն «ներկա կրթություն, ապագա աշխատուժ» համատեքստում քայլեր ձեռնարկելու, արհեստավարժ մասնագետններ ներգրավվելու համար։ Մասնավորապես ակնհայտ դարձավ, որ Արհեստական բանականության զարգացման հարցում առանցքային բարեփոխումները պետք է լինեն գիտակրթական ոլորտում։ Կարծում եմ, առաջնային մենք պետք է աշխատենք և շեշտադրումը դնենք ապագայամետ թվային հմտություններին տիրապետող աշխատուժին առաջ մղելու խթանների,արհեստական բանականության համար անհրաժեշտ կրթական ծրագրերին օժանդակման, գիտական արդյունավետությանը միտված ծրագրերի մշակման, ինչպես նաև դոկտորական ու հետդոկտորական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

 Հասարակությունը շարունակական ծրագրերի կիրառությանը ե՞րբ ականատես կլինի։

Համաժողովի ընթացքում նշվեց, որ անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի գործընկերների, զարգացման գործընկերների, միջազգային ֆինանսական ինստիտուտների և հիմնադրամների միջև առկա լինի փոխըմբռնման հուշագիր, որում, կարծում եմ, պետք է առնվազն արձանագրել, որ համատեղ քայլեր կձերնարկվեն արհեստական բանականության ոլորտում  մինչբուհական, բուհական, հետբուհական կրթական և գիտական ծրագրերի, արհեստավարժ մասնագետների ներգրավման արդյունքում ոլորտում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և նմանատիպ ծրագրերի իրականացման համար:

Կարծում եմ, այս նախաձեռնությունը, որպես համատեղ աշխատանքների իրականացման և համագործակցային շրջանակի ձևավորման հիմք, թույլ կտա հասնել տեսանելի և շոշափելի արդյունքների։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան