Foto

«Հայերի նկատմամբ ատելության մոլագար արտահայտությունները կարող են անխուսափելի հետևանքների հանգեցնել»․ Լորենս Մարթին

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են հանրային լսումները Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու հարցով։ Գանգատը սեպտեմբերին ներկայացրել էր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով։ Միաժամանակ Հայաստանը դատարանին խնդրում է կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։

Հոկտեմբերի 14-15-ը ընթացող լսումների ընթացքում Հայաստանի շահերը ներկայացնելու է միջազգային հայտնի փորձագետներից կազմված խումբը։

Այսօր բանախոսները մանրամասն ներկայացրել են Ադրբեջանի կողմից ռազմագերիների խոշտանգումների, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի փաստեր, վկայակոչել են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի ատելության խոսքը, անընդունելի են անվանել Բաքվի կողմից ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելը և նրանց Բաքվի քաղաքական օրակարգի համար օգտագործելը։

 «Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ փաստացի արձանագրված 45 գերիները և մեծ թվով այլ գերիները ենթարկվել են խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և այլ ոտնձգությունների Ադրբեջանի կողմից։ Փաստագրական ապացույցները բավական ցնցող են։ Սակայն բացի այս ապացույցներից, կան նաև մեծ թվով տեսանյութեր, որոնք մենք ներկայացրել ենք ձեզ, որտեղ դատարանն իր սեփական աչքերով կարող է տեսնել սարսափելի ոտնձգությունները։ Բոլոր փաստերը մատնացույց են անում էթնիկ խտրականություն, և ոչ ոք չի ընդունում Ադրբեջանի այն պնդումները, թե նրանք հանցագործներ են», – ասել է միջազգային օրենքի փորձագետ, պրոֆեսոր Շոն Մերֆին։

Միջազգային իրավունքի փորձագետ, պրոֆեսոր Պիեր Դ’ Արժոնը մասնավորապես անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանն ուղղված քայլերին։

«Այս տարածքներում հայերի դարավոր ներկայության ապացույցների, այդ թվում՝ հայկական եկեղեցիների, գերեզմանատների, խաչքարների և այդ ներկայությունն ապացուցող բոլոր այլ հուշարձանների նկատմամբ Բաքվի խտրական և կործանարար վերաբերմունքի միակ ակնհայտ պատճառն այն է, որ դա իսկապես հայկական մշակութային ժառանգություն է», – ասել է պրոֆեսորը։

«Հայերին մշտական ատելության խոսքից պաշտպանելու, հայ ռազմագերիներին և պահվող անձանց վերադարձնելու և հետագա ոտնձգություններից պաշտպանելու, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացումից պաշտպանելու հրատապ անհրաժեշությունը հիմնված է անխուսափելի փաստերի վրա։ Նախագահ Ալիևը, ով աթոռը ժառանգել է իր հորից և երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնում է 18 տարի, շարունակում է ռասայական ատելություն տարածել։ Ատելությունն ատելություն է առաջացնում, իսկ երկրի բարձրագույն ղեկավարության տարածած ատելությունն ավելի մեծ ատելություն է առաջացնում։ Հայերի նկատմամբ ատելության մոլագար և շարունակական արտահայտությունները, որ անում են նախագահ Ալիևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաները, ոտնահարում են հայերի իրավունքները և կարող են անխուսափելի հետևանքների հանգեցնել։ Դրանք ավելի են հրահրում բացահայտ ռասիզմը՝ վտանգելով բոլոր հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ապրողների և գերության մեջ գտնվողների իրավունքները։ Նման խոսքերը նրանց կանգնեցնում են է՛լ ավելի մեծ ֆիզիկական վտանգի առջև», – իր խոսքում ասել է միջազգային վեճերի լուծման փորձագետ, պրոֆեսոր Լորենս Մարթինը։